ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

3 րոպեի ընթերցում

ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հայաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը մասնակցել է Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսին և համաժողովին։ Միջոցառման գլխավոր հովանավորներից է IN Groupe ֆրանսիական ընկերությունը՝ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման ՊՄԳ ծրագրի մասնավոր գործընկերը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածած հաղորդագրությունից, ամենամյա միջազգային ցուցահանդեսում ներկայացվում են ոլորտի նորագույն տեխնոլոգիաները, նորարարական լուծումները, ցուցադրվում են նոր արտադրանքներ՝ առաջատար փորձառությամբ և կիբերանվտանգ նույնականացման լուծումների հաշվառմամբ։

Համաժողովում ներկայացվել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և IN Groupe ընկերության համագործակցության շրջանակում իրականացվող պետական-մասնավոր գործընկերության ծրագիրը։

Մասնավորապես ներկայացվել են ՊՄԳ մոդելի իրականացման գործընթացը և գործընկերության հիմնական ուղղությունները,նոր սերնդի նույնականացման քարտերի և կենսաչափական փաստաթղթերի ներդրման մոտեցումները, կենսաչափական տվյալների կիրառման և փաստաթղթերի տրամադրման գործընթացները, թվային ինքնության ենթակառուցվածքների զարգացման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությունները։

Համաժողովի շրջանակում ուսումնասիրվել են թվային ինքնության նոր ենթակառուցվածքների ու բազմակենսաչափական տեխնոլոգիաների, սահմանային կառավարման և տվյալների անվտանգության ոլորտներում միջազգային փորձն ու նորարարական լուծումները։

ՆԳՆ պատվիրակությունը մասնակցել է «AI Governance Architecture» թեմայով ներկայացմանն ու «AI & Cybersecurity» թեմայով պանելային քննարկմանը, որոնց ընթացքում քննարկվել են արհեստական բանականության կառավարման մեխանիզմներին, տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության և նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին վերաբերող հարցեր։

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը և IN Groupe ընկերության ներկայացուցիչ Նատալիա Գոգոբերիշվիլին ներկայացրել են ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը։ Ցուցադրվել են փաստաթղթերի անվտանգային բաղադրիչներն ու գեղարվեստական լուծումները։

Նելլի Դավթյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի կայանալիք Identity Week Europe 2027 համաժողովում հնարավոր կլինի արձանագրել, որ կուտակված փորձը վերածվել է հաջողության պատմության, իսկ պետական-մասնավոր գործընկերության մոդելը հաջողությամբ ներդրվել է Հայաստանում՝ ճանապարհ հարթելով նմանատիպ այլ ծրագրերի իրականացման համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում