Կենսաչափական տվյալների հավաքագրման նոր համակարգով նոյեմբերի 3-ի դրությամբ սպասարկվել է 2700 քաղաքացի
3 րոպեի ընթերցում

Կենսաչափական տվյալների հավաքագրման նոր համակարգի գործարկումից ի վեր՝ նոյեմբերի 3-ի դրությամբ, «ՀայՓաս» ընկերությունը ստացել է 7700 դիմում, որոնցից 2700-ի դեպքում քաղաքացիներն արդեն հանձնել են իրենց կենսաչափական տվյալները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ներքին գործերի նախարարությունում նոր համակարգի գործարկման վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյեն։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ սպասարկման կետերում հերթերը մեծ չեն, իսկ նախապես գրանցված քաղաքացիները նոյեմբերի 3-ի դրությամբ կարողացել են սպասարկվել մեկ օր անց։
«Երեկ կարճ շրջայց ենք ունեցել նաև մարզային գրասենյակներում։ Հերթեր չկային, սպասարկումն ընթանում էր բնականոն հունով։ Սակայն սա չի նշանակում, որ սպասարկման ծավալը փոքր է։ Սա նշանակում է, որ մենք կարողանում ենք ապահովել շատ ավելի մեծ թողունակություն»,- նշեց Դավթյանը։
Նրա խոսքով՝ եթե նախկինում անչափահասի փաստաթղթավորման դիմումի ընդունումը տևում էր 25 րոպե, ապա նոր համակարգով գրանցումը կատարվում է 3-5 րոպեում։ «Արդեն սպասարկված 2700 քաղաքացիներից որևէ մեկի սպասարկման տևողությունը չի գերազանցել 5 րոպեն»,-ասաց նա՝ հավելելով, որ նախագրանցման հարթակն աշխատում է բնականոն, ինչի մասին վկայում են հազարավոր գրանցումները։
Նելլի Դավթյանը չբացառեց նաև հնարավոր կարճատև տեխնիկական խնդիրներ, որոնք արագ լուծում են ստանում։
«Այսպիսի մասշտաբի փոփոխությունը չի կարող չառաջացնել նոր իրավիճակներ։ Թղթային գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային միջավայր տեղափոխելը լի է մարտահրավերներով։ Սա մեզ համար լավ առիթ է՝ թվայնացնելու նաև մեր բոլոր գործընթացները»,- նշեց նա՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ կենսաչափական տվյալներ հանձնելու ենթակա յուրաքանչյուր անձի տվյալները բնակչության պետական ռեգիստրում լինեն ամբողջական և ճշգրիտ։
Հիշեցնենք, որ կենսաչափական տվյալների հավաքագրման գործընթացի մեկնարկը տրվել էր նոյեմբերի 1-ին։ Այս օրը Երևանի երկու առևտրի կենտրոններում՝ Երևան մոլում և Մեգա մոլում բացվել էին «ՀայՓաս» ընկերության սպասարկման գրասենյակները։ Հաջորդ օրը բացվել էին նաև ընկերության 12 մարզային գրասենյակները։