«ՀայՓաս»-ի գրասենյակների թիվը մինչև մարտ նախատեսվում է հասցնել 23-ի

2 րոպեի ընթերցում

«ՀայՓաս»-ի գրասենյակների թիվը մինչև մարտ նախատեսվում է հասցնել 23-ի

Կենսաչափական փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» ընկերության սպասարկման գրասենյակների թիվը մինչև մարտ ներկայիս 14-ից նախատեսվում է հասցնել 23-ի։ Քննարկվում է նաև սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին տնայցով սպասարկելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով նոր համակարգի հասանելիությանն ու հնարավոր հերթերին։

«Ընդհանուր թիվը 14-ն է, մարտին թիվը կհասնի 23-ի։ Որպես կանոն՝ յուրաքանչյուր մարզում կունենանք երկուական գրասենյակ՝ ոչ միայն հիմնական մարզկենտրոններում»,-նշել է նախարարը։

Սարգսյանի խոսքով՝ հետագա ընդլայնումը կախված կլինի նաև սպասարկման ծավալներից։ Եթե ուսումնասիրությունները ցույց տան նոր գրասենյակ բացելու անհրաժեշտություն, մասնավոր գործընկերոջ հետ այդ հնարավորությունը կդիտարկվի։

Նախարարը շեշտել է, որ նոր համակարգում փաստաթղթերի ներկայացման և նախագրանցման հիմնական աշխատանքը քաղաքացին կարող է կատարել առցանց, իսկ գրասենյակում սպասարկումը տևում է մինչև հինգ րոպե։

«Հենց մոտեցան գրասենյակ, մինչև հինգ րոպե է տևում սպասարկումը։ Դրանից ավելի սպասելու կարիք ուղղակի չկա, որովհետև գրասենյակում հանձնում են մատնահետք, լուսանկարվում են, ստորագրություն են հանձնում, ստանում են QR կոդ և գնում են»,-ասել է Սարգսյանը։

Նա հայտնել է նաև ինքնասպասարկման կետերի մասին՝ նշելով, որ դրանց պահանջարկի գնահատումից հետո թիվը կարող է ավելացվել։ Նախնական պլանավորմամբ նման կետեր նախատեսվում են նաև Գյումրիում ու Վանաձորում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում