Իրավունք

Ուշիի վթարի պատճառը նախնական գնահատմամբ կարող էր մեքենաներից մեկի արգելակման խնդիրը լինել. ՆԳ նախարար

3 րոպեի ընթերցում

Ուշիի վթարի պատճառը նախնական գնահատմամբ կարող էր մեքենաներից մեկի արգելակման խնդիրը լինել. ՆԳ նախարար

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ պարեկային ծառայողների նախնական գնահատականը մեքենայի արգելակման հնարավոր խնդրին է առնչվում։ Սակայն դեպքի պատճառները դեռ պետք է պարզվեն քրեական վարույթի շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նախորդ երեկոյան տեղի ունեցած վթարին, որի հետևանքով 9 մարդ է մահացել, 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Նախարարը շեշտել է, որ առկա գնահատականները նախնական են, և խուսափել է վերջնական պատճառ նշելուց։

«Պարեկային ծառայողների կողմից շատ նախնական գնահատական կա, որ մեքենաներից մեկի արգելակման հետ կապված է խնդիր եղել, որովհետև ճանապարհին չկան արգելակման մասին վկայող հետքեր։ Բայց նորից եմ ուզում շեշտել՝ սա նախնական է։ Որևէ մեկդ, խնդրում եմ,  այս հիմնավորմամբ չմեկնաբանել դեպքը, որովհետև վարույթով դեռ պետք է հստակ հասկանանք պատճառները»,- ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ ցանկացած նման դեպք, անկախ ընդհանուր վիճակագրությունից, ողբերգություն է, որից անհրաժեշտ է հետևություններ անել։

Ճանապարհային անվտանգության ընդհանուր խնդիրների համատեքստում Սարգսյանն առանձնացրել է պարեկային վերահսկողությունը, ճանապարհների անվտանգության կահավորանքը, մեքենաների տեխնիկական վիճակն ու վարորդների վարքագիծը։

Նախարարի գնահատմամբ՝ տեխնիկական զննության պատշաճ իրականացումը շարունակում է խոցելի ուղղություն մնալ։ Նա նաև ընդգծել է զննությունների միջև ընկած ժամանակահատվածում հայտնաբերված անսարքությունները վերացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ մեքենան չվերանորոգելը կարող է վտանգավոր իրավիճակների հանգեցնել։

Նոյեմբերի 4-ին Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, չորս ավտոմեքենայի բախման հետևանքով կա ինը զոհ և երեք վիրավոր։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Նախաքննությունը շարունակվում է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում