ԳՇ պետն անդրադարձել է բանակում մահվան դեպքերի պատճառներին և կանխարգելման աշխատանքներին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի զինված ուժերում մահվան դեպքերը տարբեր պատճառներ ունեն, և դրանք հնարավոր չէ դիտարկել նույն հարթության վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան և ինքնասպանությունների վերաբերյալ հարցերին։
Նրա խոսքով՝ զինծառայողների մահվան դեպքերը կանխելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում նման դեպքերը կանխելու համար, Ասրյանը պատասխանել է․
«Արվում է համապատասխան աշխատանք»։
Լրագրողների խնդրանքին՝ մանրամասնելու ձեռնարկվող քայլերը, նա նշել է, որ դրանք ներկայացնելու համար երկար ժամանակ է պահանջվում։
ԳՇ պետն ընդգծել է, որ զինծառայողների մահվան դեպքերը մտահոգում են նաև ռազմական ղեկավարությանը։
«Ոչ միայն հասարակությանն է հուզում, նաև մեզ։ Առավել շատ մեզ է հուզում»,- ասել է Ասրյանը։
Անդրադառնալով դեպքերի պատճառներին՝ նա հիշատակել է միջավայրային փոխհարաբերությունները, ֆինանսական ու առողջական խնդիրները։ Զինծառայողների մահվան դեպքերի ընդհանուր համատեքստում Ասրյանը նշել է նաև ծառայությունից դուրս հանգամանքներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները։