Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը
4 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր գրասենյակում մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրել է, որ ժողովին ներկա են ՀՖՖ 34 անդամներից 31-ը՝ յուրաքանչյուրը քվեարկելու մեկ ձայնի իրավունքով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պնդում է, որ արտահերթ ժողովը հրավիրվել է ՀՖՖ անդամ 29 ակումբների նախաձեռնությամբ։
Ժողովի օրակարգում ՀՖՖ կանոնադրության 31-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի փոփոխությունն է։ Գործող կարգավորմամբ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար, ի թիվս այլ պայմանների, պահանջվում է վերջին մեկ տարում մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում և տիրապետել հայերենին։ Նախագծով առաջարկվում է հանել նշված 2 պահանջը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։
Առաջարկվում է նաև կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ նախատեսվում է, որ եթե անձը համապատասխան պաշտոնում պաշտոնավարել է այդ պաշտոնի համար սահմանված քառամյա ժամկետից պակաս, ապա այդ ժամանակահատվածը, անկախ դրա փաստացի տևողությունից, հաշվարկվում է որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։ Գործող կարգավորումը պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ է համարում ցանկացած ժամանակահատված, նույնիսկ եթե անձը պաշտոնավարել է քառամյա ժամկետի աննշան մասը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի արտահերթ ժողովի հետ կապված հրապարակային հայտարարություններով են հանդես եկել «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Ուրարտու» և «Դովեղ» ակումբները։
«Արարատ-Արմենիա»-ն հայտարարել է, որ ակումբն արտահերթ ժողովի օրակարգի երկու հարցերին դեմ է քվեարկելու, քանի որ դրանք համարում է ոչ թե համակարգային բարեփոխում, այլ ընտրություններից առաջ կոնկրետ անձի թեկնածության հարմարեցման փորձ։ Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ փոփոխությունները նախաձեռնելու նպատակը ՀՖՖ նախագահի պաշտոնում ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Դենիս Ջորկաեֆի առաջադրման համար պայմաններ ապահովելն է։
«Ուրարտու» ակումբը հայտարարել է, որ տեղյակ չի եղել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրելու մասին, նույնաբովանդակ հայտարարություն է տարածել Նաև «Շիրակ» ակումբը՝ կասկած հայտնելով, որ «ՀՖՖ արտահերթ ժողովի նախաձեռնողները ոչ թե ակումբներն են, այլ ՀՖՖ ղեկավարությունը, որը փորձում է թաքնվել իրեն լոյալ ակումբների հետևում»։
«Դովեղ» ակումբն էլ հայտարարել է, որ չի մասնակցելու արտահերթ ժողովին, քանի որ օրակարգի հարցերն ակումբի համար անընդունելի են։