Վարդաձորի Թուլիխու կիկլոպյան ամրոցը
20 րոպեի ընթերցում

Վարդաձորի Թուլիխու ամրոցը տարածվում է Սևանա լճի հարավային ափից մի քանի կիլոմետր հեռավորությամբ, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի հյուսիսարևելյան ու Ձորագյուղ գյուղերի հյուսիսային հատվածներում, Սևան-Մարտունի ավտոմայրուղու հարևանությամբ։ Ժամանակին այն եղել է Սևանա լճին շատ մոտիկ, գրեթե ափամերձ հատվածում, երբ լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1916 մետր բարձրության վրա։ Ամրոցն ու բնակատեղին թվագրվում են Ք․ Ա․ 2-1 հազարամյակով։
Թուլիխու անունը պատմագիտությանը հայտնի է Ուրարտուի արքա Սարդուր Երկրորդի՝ կիկլոպյան այս ամրոցի մոտ գտնվող քարի վրա թողած սեպագիր արձանագրությունից, որն արվել է Քրիստոսից առաջ մոտ 764-735 թվականների միջակայքում, որը համընկնում է նրա գահակալման տարիների հետ։ Այդ արձանագրությունը, ինչպես վկայում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր գործիչ, պատմաբան Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը, Կովկասի փոխարքայի միջնորդությամբ 1865 թվականին տեղափոխվել է նախ Նոր Բայազետ, ապա՝ Թիֆլիս։ Այդ արձանագրության վերընթերցմամբ հաստատվում է, որ Թուլիխուն գրավել է Վանի թագավորության բանակը։
«Այս Ադամխան գյուղի հանդի ներքևը, ծովափանց մոտ ձորաբերանին մի քարի վերա գտինք 7 տող բևեռաձև արձանագիր, որի օրինակը 1863 թվին հրատարակվեց Մոսկվայի «Համբավաբեր Ռուսիո» հայերեն շաբաթաթերթի մեջ։ Այս բևեռաքարը Արծրունի Բարսեղ աղան բերել տվեց Նոր-Պայազիտ 1865 թվին, և 1866 թվին փոխադրել են Տփխիսու Հնագիտական թանգարանը հրամանավ փոխարքա Մեծ Իշխան Միխայել Նիկոլաևիչի․․․
Ադամխանի արձանագրի թարգմանությունը դնեմ այստեղ, որո իմաստն է. « Սարդուրի Իբիտի որդին ասե. շնորհիվ Խալդիացվոց ողորմած Աստուծույն՝ ես ավար առի Տուլիունի արքայական քաղաքը, և գերեցի Սինալիբինին, Սիեր թագավորի որդվույն: Դուրս բերեցի Ուդուրիեդինի երկրից Սինալիբին թագավորի մարդկանց և կանանց»,-գրում է Մեսրոպ Սմբատյանցը:
Հայտնի հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի ընթերցմամբ՝ Սարդուր Երկրորդը սույն արձանագրության մեջ հայտնել է շատ ավելի դաժան իրողություն՝ Սինալիբի կամ Ծինալիբի արքային կին դարձնելու մասին։ Այս տեղեկությունը կարելի է երկու իմաստով մեկնաբանել՝ մեկ իմաստով կարելի է հասկանալ տղամարդուն բռնաբարության միջոցով ստորացնելու, մյուս իմաստով՝ պարզապես տղամարդկությունից զրկելու մասին։
Դժվար է ասել, թե որտեղ է հիմա պահպանվում այս սեպագիրը, ինչ չափ ու կշիռ է ունեցել արձանագիր քարը, սակայն փաստ է, որ այն վաղուց հայտնի է գիտական միջազգային լայն շրջանակներին դեռևս 19-րդ դարի վերջերից։

Այս մի քանի տող արձանագրությունը վկայում է, որ մինչ Վանի թագավորության կողմից նվաճվելը Սևանա լճի հարավային ափի այս հատվածը, որը փռված է Գեղամա լեռնավահանի հյուսիսարևելյան ստորոտում, Սպիտակասարի վեհ ու բարձր հայացքի ներքո, ոչ միայն եղել է մարդաշատ, խիտ բնակեցված, այլ նաև ունեցել է պետականություն՝ հիմնված քաղաքակրթական որոշակի արժեքների ու թագավորական իշխանության վրա։
Հետաքրքիր է, որ Սևանի ավազանում հայտնաբերված ու վերծանված ուրարտական 5 արձանագրությունից միայն այս մեկում են հիշատակված գրավված երկրամասի թագավորի անունն ու հայրանունը՝ Սինալիբը եղել է Սիեր թագավորի որդին։
Դժվար չէ պատկերացնել, որ մինչուրարտական նվաճումները Թուլիխուն եղել է մի առանձին իշխանության թագավորանիստ քաղաք, որի ենթակայությամբ եղել են այլ մանր իշխանություններ։ Դժվար չէ նաև կռահել, թե ինչու է Սարդուր Երկրորդը հիշատակել իր գործադրած դաժանությունը՝ պարծենալով արքայի հանդեպ գործադրած բռնության, ծաղկուն երկիրը հրի ու սրի մատնելու, բնակչությանը գերեվարելու և տեղահանելու, ողջ հարստությունը թալանելու համար։ Հավանաբար, Ուդուրի երկիրը շատ երկար է դիմադրել զավթիչներին՝ նրան պատճառելով նյութական ու մարդկային զգալի կորուստներ։
Հետաքրքիր կլիներ նաև հստակեցնել, թե որ կողմից է հարձակման ենթարկվել ու ընկճվել անառիկ թվացող Թուլիխուն՝ արևելքի՞ց, հարավի՞ց, թե՞ արևմուտքից։ Ամբողջ հարցն այն է, որ Թուլիխուն երեք կողմից պատված է եղել անառիկ, ամուր ու հզոր բերդ-ամրոցների լայն ցանցով, իսկ հյուսիսից՝ Սևանա լճի ջրերով։ Այնպես որ, մինչ Թուլիխու հասնելը Վանի թագավորության բանակը պետք է կարողանար իր ճանապարհին հաղթահարել մի քանի տասնյակ ամրոցների, նրանցում պատսպարված ռազմական ուժերի արգելքները։

Չի բացառվում, որ Սարդուր Երկրորդն իր արշավանքը ձեռնարկած լինի Սևանա լճի արևմտյան ու հյուսիսային ափերով՝ դուրս գալով դեպի արևելյան ու հարավային ափեր ու այնտեղից մոտենալով Թուլիխուին։ Չպետք է մոռանալ, որ Սարդուր Երկրորդը մեկ այլ սեպագիր արձանագրություն թողել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի կիկլոպյան ամրոցի հյուսիսային կողմում գտնվող ժայռի վրա։ Այս առումով էլ դժվար է ասել՝ Վանի բանակն առաջինը Թուլիխու՞ն է գրավել, ու շարժվել դեպի արևելք, թե՞ Ծովակի կիկլոպյան ամրոցը գրավելուց հետո է շարժվել դեպի Թուլիխու։ Ամենայն հավանականությամբ, Սարդուր Երկրորդը արևմտյան կողմից չի հարձակվել Թուլիխուի վրա, քանի որ այդ կողմում Վելիքուխի երկիրն էր՝ ներկայիս Գավառ համայնքի տարածքը, որի նվաճման մասին իր սեպագիր արձանագրության մեջ արդեն հիշատակում է Վանի արքա Ռուսա Առաջին Սարդուրորդին։ Վելիքուխի երկրի գրավումը, ըստ պատմական տեղեկությունների, եղել է Քրիստոսից առաջ 735 թվականին։ Ռուսա Առաջինը մեկ այլ արձանագրություն էլ թողել է Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի սահմանաբաժանում, ժայռի վրա՝ ազդարարելով նոր թագավորությունների կամ իշխանությունների գրավման ու Թեյշեբա քաղաքի, բերդ-ամրոցի կառուցման մասին։
Ու կրկին հարց է առաջանում՝ Ռուսան Վելիքուխին գրավել է արևմուտքի՞ց, թե՞ արևելքից։ Արդյո՞ք նա առաջին արձանագրությունը թողել է Ծովինարում, ուր ազդարարել է Թեյշեբա քաղաքի կառուցման մասին, թե՞ Գավառում, որտեղ ազդարարել է Խալդի քաղաքի կառուցման մասին։
Ամեն դեպքում, Վանի արքաները, սկսած Արգիշտի Առաջինից ու վերջացրած Ռուսա Առաջինով, կարողացել են մի քանի տասնամյակում նվաճել Սևանա լճի ավազանը՝ այն արդեն միավորելով մեկ ընդհանուր պետության կազմում։
Չի բացառվում Վանի թագավորության բանակների ներխուժումը նաև Գեղարքունիքի մարզի հարավային կամ հարավարևմտյան կողմից, որտեղից ճանապարհները լեռնային դժվարամատչելի տեղերով բերում են ինչպես Արարատյան դաշտից, այնպես էլ՝ Սյունյաց աշխարհից։
Թուլիխու ամրոցը հետազոտել և ուսումնասիրվել է անվանի հնագետ Գեդեոն Միքայելյանը։ Նրա մոտ այս ամրոցը նշված է «Քռա» տարբերակով, թեև նույն տեքստում հիշատակված է նաև Թուլիխու անվանումը։ «Ադամխան գյուղից երկու կիլոմետր դեպի արևելք կա ոչ բարձր, հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք ձգվող մի բարձունք, որին տեղացիները Քռա անունն են տվել քարքարոտ լինելու պատճառով։ Մինչ ուրարտական նվաճումները այդ ամրոցը հավանորեն Թուլիխու է կոչվել։ Ամրոցը գտնվում է բարձունքի գագաթին, բոլոր կողմերից շրջապատված է չորս մետր լայնության պարսպով։ Երևում են երկրորդ պարսպի հետքերը, որոնք ավելի թույլ են, անցում են ամրոցի արևելյան մուտքից կիսաշրջանաձև դեպի հյուսիս, ապա, թեքվելով հյուսիս-արևմուտք ու արևմուտք, վերջանում են համարյա նույն կետում, որտեղից սկսվում են։

Իրեն շրջապատող բնակատեղիով այն գրավում է ավելի քան 6 հեկտար տարածություն, որից ավելի քան 1 հեկտարը զբաղեցնում է ամրոցը։ Այն ունի 8 աշտարակ՝ բոլորը գրեթե հավասար մեծության։ Դրանցից 4-ը գտնվում են արևելյան և հարավարևմտյան մուտքերի աջ ու ձախ կողմերում, երկուսը՝ արևմտյան պարսպի, իսկ մյուս երկուսը՝ հյուսիսային պարսպամասերի վրա։ Մի խոշոր քառանկյունաձև աշտարակի հիմք՝ 13х10,7 մետր չափսերով, գտնվում է երկրորդ պարսպի վրա, բարձրությունը պահպանվել է 3,7 մետրի սահմաններում։ Հավանաբար, սա մի առանձին դիտակետ է եղել։
Ինչպես ամրոցի ներսում, այնպես էլ նրանից դուրս երևում են բոլորաձև ու քառանկյունի բնակարանների հետքեր։ Ուրարտացիները, գրավելով այս ամրոցը, ըստ երևույթին, վերաշինություններ են կատարել այնտեղ և օգտագործել իրենց նպատակներին։ Դա նկատվում է ամրոցի հարավարևմտյան և հյուսիսարևելյան պարիսպների կառուցման տեխնիկայից, որոնք ավելի կանոնավոր են շարված, ունեն ուղիղ գիծ։ Ամրոցը և բնակավայրը հարուստ են վերերկրյա զանազան հնագույն մշակույթի մնացորդներով, սակայն նրանք այնքան մանրացած են, որ դժվար է նրանց միջոցով որևէ բան ասել ամրոցի անցյալի վերաբերյալ։
Քռա ամրոցից ոչ հեռու, դեպի Ադամխան գյուղը, կա նույնպես մի բոլորաձև, ոչ շատ բարձր բլուր, որի վրա կան կիկլոպյան տիպի շինարարության մնացորդներ։ Գյուղացիներն այդ վայրին Ներքին Դեմեր անունն են տալիս։ Չնայած որ այստեղ պարիսպների հետքեր չեն երևում, սակայն այս բնակավայրը հիշեցնում է Սևանի ավազանի մյուս բնակավայրերի ամրոց-շեներին, որոնց ծայրամասային կացարանների արտաքին պատերի միացումից բնակատեղը պարսպապատվել է։ Այստեղ նույնպես ամրոց-շենի եզրային բնակարանների արտաքին պատի միացումն ուրույն կերպով պարսպապատել է բնակատեղին։ Ամրոց-շենի ամենաբարձր մասում նկատելի են մի բոլորաձև, 25 մետր տրամագծով կառույցի հետքեր։ Այս ամրոց-շենը, անշուշտ, սերտորեն կապված է եղել Քռայի ամրոցի հետ։ Բնակատեղիի ու ամրոցի միջանկյալ տարածության վրա նկատելի են բոլորաձեւ դամբարաններ»,-գրում է Գեդեոն Միքայելյանը։
Քռայի կամ Թուլիխու ամրոցը մեկ այլ անվանում էլ ունի, որը ներկայացրեց ու մեկնաբանեց Ձորագյուղի բնակիչ, Հայ Առաքելական եկեղեցու ատենապետ, ազգագրագետ Սարո Ղազարյանը․
«Այս տարածքը մեր հայրերն ու պապերն անվանում էին «Գրեր», ի նկատի ունենալով հենց սեպագիր արձանագրություն կրող այն քարը, որը հազարամյակներ շարունակ եղել է այստեղ ու միայն նախորդ դարի 60-ական թվականներին է տեղափոխվել այլ պետության մայրաքաղաք։ Մշակութային այս կողոպուտը փարատվում է միայն «Գրեր» անվանումով, որը պահում է հիշողությունը Թուլիխուում մի ժամանակ պահպանված արքայական արձանագրության նկատմամբ»,-հավաստեց Սարո Ղազարյանը։
Քռայի ամրոցում 2000-ական թվականներին հնագիտական ուսումնասիրություններ է կատարել հայ-իտալական միացյալ հնագիտական արշավախումբը՝ հայտնի հնագետ-ուրարտագետներ Սիմոն Հմայակյանի ու Ռաֆայելե Բիշիոնեի գլխավորությամբ։ Ռաֆայելե Բիշիոնեն փաստեց, որ Սևանա լճի շրջակա ափերով մեկ խճուղի է ձգվել, որ այստեղ ձևավորված ցեղային միությունները միավորված են եղել մեկ ընդհանուր դաշնային պետության մեջ, որի կենտրոնը եղել է հենց Թուլիխուն։
Շատ ավելի հետաքրքիր, ընդգրկուն, արժեքավոր տեղեկություններ ու եզրահանգումներ է փոխանցել հայ-իտալական արշավախմբի մյուս համաղեկավար Սիմոն Հմայակյանը։ Այն որոշակի լույս է սփռում Թուլիխու ասված խորհրդավոր քաղաքի, նրա առեղծվածային պատմության վրա։ Սիմոն Հմայակյանի կարծիքով՝ այն եղել է քաղաք-պետություն՝ իր կազմում ունենալով նաև շրջակայքի մի քանի հզոր բերդաքաղաքները։

«Թուլիխուն տեղադրվում է Սևանա լճի հարավ-արևմտյան ափեզերքին հարող տարածքում, Ծակքար և Ձորագյուղ գետակների ավազանում: Վանի արքաների ու նրանց «քարտուղարների» կողմից այն ընկալվել է որպես մի բաղադրիչը Էթիունե անվանված համադաշնության:
Վանի Սուրբ Պողոս եկեղեցում հայտնաբերված Սարդուրե II-ի (764-735 թթ.) արձանագրությունում Թուլիխուն հիշատակված է յուրահատուկ «Թուլիխու /քաղաքի/ երկիր» ձևով:
Վանի արքաների արձանագրություններում քաղաքի անվամբ նշանակվող իշխանությունների թիվը մեծ չէ. բոլոր հիշատակված «ցեղապետությունների» և «երկրների» շուրջ 25 տոկոսը տեղադրվում է հենց Սևանա լճի ավազանում: Չնայած նման բնութագրին, Ք․Ա․ 8-րդ դարում Թուլիխուն ուներ տիրակալ` Ծինալիբին, որի անունը հիշատակված է Քռայի արձանագրություններում: Ինչպես ցույց են տվել հայ-իտալական արշավախմբի երկարամյա տեղագիտական ուսումնասիրությունները Սևանա լճի հարավային և արևմտյան ավազանում, տարածքի կազմակերպման առումով Թուլիխուն չի տարբերվել հարակից ցեղապետություններից ու «երկրներից»: Թուլիխու իշխանությունը կազմված է եղել հինգ ամրոցներից (այժմ հայտնի են Քռա, Սանգար, Ներքին դեմեր, Բերդի դոշ, Նեղ բողազ անուններով), մեկ ամրացված դիտակետից (խոնարհված սուրբ) և նրանց միջև ու շրջակայքում տեղադրված չպաշտպանված բնակավայրերից: Եթե փնտրելու լինենք առանձնահատկություններ, որոնք կհուշեին թե ինչո՞ւ է Թուլիխուն ի տարբերություն հարակից երկրների, բնութագրվել յուրատեսակ «քաղաքի երկիր» անունով, կգտնենք երեքը.
1. Հովհաննես Կարագյոզյանի կարծիքով Թուլիխուի բնակչությունը էթնիկական (հյուսիս-կովկասյան) անկլավ էր հնդեվրոպական միջավայրում, այս եզրակացությանն է նա հանգում՝ ստուգաբանելով Թուլիխու անունը -իխու «գետ» համապատասխան բառով:
2. Եթե առաջնորդվենք Քռայի արձանագրության ընթերցման ու թարգմանության Ն. Վ. Հարությունյանի առաջարկած տարբերակով, ապա կունենաք յուրահատուկ մի տարբերակ, արքայի իշխանությունը նշելու համար. բիական արձանագրություններում, սովորաբար շեշտվում է երկիրը, որի տիրակալն է տվյալ իշխանը. այստեղ, Ծինալիբին անվանված է, սակայն, «ժողովրդի արքա»:
3. Հովհաննես Կարագյոզյանը գտնում է, որ Թուլիխու անունը հայերենում կարող էր հնչել Թուղխ ձևով և մատնանշել է նույնանուն գյուղի և գետի գոյությունը (մինչև 1915թ.) Վանա լճի հարավ-արևմտյան անկյունում: 1970 թվականին Թուղխում իտալական արշավախումբը հայտնաբերել և ուսումնասիրել է վաղ միջնադարյան հայկական բազիլիկ եկեղեցի:
Գիտենք, որ Սարդուրեն Սևանա լճի արևմտյան ավազանից, հինականում Վելիքուխեից մեծաթիվ բնակչություն է տեղափոխել: Եթե ընդունենք, որ Վանի արքաները տեղահանվածներին, թեկուզ և զուտ շահադիտական նպատակներից դրդված, պետք է ձգտեին վերաբնակեցնել վայրերում, որոնք ունեն նրանց հայրենի երկրին նման աշխարհագրական միջավայր, ապա Թուլիխուի բնակիչները, վերաբնակեցման դեպքում, կարող էին հայտնվել Վանա լճի ափերին եւ թերևս հենց այդպես էլ վարվել են թուլիխուցիների հետ:
Այս դեպքում պետք է ենթադրել, որ Սևանա լճի ավազանում արդեն թուլիխուցիներն ունեցել են կառավարման կայուն մի ձև, որը նրանց շարունակել է միավորել շաբաթներ տևած գաղթի ճանապարհին և նոր բնակավայրում: Ուշագրավ է նաև այն, որ Սարդուրեն նրանց բնակեցրել է խորքային Բիայնելեում (տեղահանվածներին հազվադեպ, բացառիկ դեպքերում և միայն հատուկ նպատակով էին տեղափոխում այսքան հեռու), համատեղ բնակվելու հնարավորություն են տվել և որ առանձնապես բացառիկ է հարկադիր տեղահանման ու վերաբնակեցման ժամանակ, հնարավորություն են տվել նոր բնակության վայրի աշխարհագրական միջավայրը վերանվանել հին բնակավայրերից բերված տեղանուններով:
Այսպիսով՝ հայտնվելով Թուլիխուում, բիացիք հանդիպել են յուրատեսակ իրադրության, որը հիմք է տվել նրանց «երկիրը» և մանավանդ արքայի իշխանությունը բնութագրելիս օգտագործել յուրատեսակ հասկացություններ, յուրատեսակ է եղել նաև վերաբերմունքը Թուլիխուի բնակիչների հանդեպ:
Այնուամենայնիվ, եթե փորձենք այս իրադրությունը բացատրել այն հիմնական կառույցով, որն ընկած է «քաղաք- պետություն» հասկացության հիմքում, այն է` «քաղաքային» համայնքի ինքնավարության առկայությամբ, ապա կունենանք նման կառույցի գոյության օգտին վկայող երկու փաստարկ. առաջինը` Ծինալիբիի յուրատեսակ` «ժողովրդի արքա» տիտղոսն է, երկրորդը, այն հանգամանքն է, որ Վանի թագավորության դպիրները «քաղաքի երկիր» են անվանում նաև Բաբելոնը, որը կասսիտական տերության սահմաններում համապետական հարկերից ազատվել ու ինքնավարություն էր ստացել Կուրիգալզու Ավագի կողմից, Ք․Ա․ 14-րդ դարի սկզբին. (ավելի վաղ նման կարգավիճակի էր արժանացել Սիպպարը, 1250 թվականին`Նիպպուրը): Եթե առաջնորդվենք այս մոտեցմամբ, ապա կծագեն այլ հետաքրքիր հարցեր, մասնավորապես, շնորհվա՞ծ էր արդյոք ինքնավարության այդ իրավունքը, թե՞ նախնադարից եկող հասարակության զարգացման բնական մի փուլ էր այն, գոյատևող` ձևավորվող տերության սահմաններում»,-գրում է Սիմոն Հմայակյանն իր հեղինակած «Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցեր. Հայկական լեռնաշխարհը՝ հայ էթնոսի բնօրրան» աշխատության մեջ:
Թուլիխու ամրոցը, թագավորանիստ քաղաքը, անշուշտ, եղել են պատմական այն միջավայրը, որտեղ ձևավորվել, բազմացել ու զարգացել է հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում։
Ընդ որում, մինչքրիստոնեական հուշարձանները քիչ քանակ ու որակ չեն կազմում Վարդաձոր ու Ձորագյուղ գյուղերում, քան քրիստոնեական մշակույթի հուշարձաններն են։ Արժե հիշատակել Թուլիխուի, Ձորագյուղի Սանգար ամրոցի, Երանոսի Նեղ Բողազի, Վարդաձորի Ներքին Դեմեր ամրոցից մինչ Սպիտակասարի փեշեր ձգվող հին բնակատեղիների ավերակները, վաղբրոնզեդարյան դամբարանադաշտերը, իսկ առաջին հերթին՝ սարերով մեկ ցրված հսկա քարակույտերի մեջ նկատված խորհրդավոր ժայռապատկերները, որոնք ստեղծվել են մարդկային պատմության վաղնջական, անհիշելի ժամանակներում՝ պատկերելով մարդկային հավատալիքները, զբաղմունքը, նրա գեղագիտական շնորհներն անգամ խոր հնադարում։
Թուլիխուն, այո, մի սրբավայր է, պաշտամունքային մի միջավայր, ուր նախնիները ոչ միայն ապրել ու արարել են, մարտնչել ու պայքարել, այլ նաև պաշտել մայր հողն ու կենարար ջուրը, առ երկինք աղոթք հղել սրբասուրբ լեզվով։
Թուլիխուն, ի վերջո, իր մեջ հնագիտական բազմաթիվ գաղտնիքներ ու առեղծվածներ պահպանող հնավայր է, որը պահանջում է նոր ուսումնասիրություններ ու բացահայտումներ։