Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն
2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն: Իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ։ Ծրագրերի շրջանակում 3 մլրդ 94 մլն 707 հազար դրամ է հատկացվել Արթիկի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցմանը, 1 մլրդ 49 մլն 822 հազար դրամ՝ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ ծննդատան կառուցմանը, իսկ 1 մլրդ 475 մլն 248 հազար դրամ՝ Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի վերակառուցմանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, առողջապահական ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներն ընդգրկում են նաև մարզի գյուղական բնակավայրերը։ Մասնավորապես, 244 մլն 140 հազար դրամ է նախատեսվել «Պեմզաշենի ԱԿ» ՊՈԱԿ-ի շենքի կառուցման, 193 մլն 602 հազար դրամ՝ «Ախուրիկի ԲԱ» ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցման, իսկ 200 մլն 407 հազար դրամ՝ Հացիկի ԲԱ» ՀՈԱԿ-ի նոր ամբուլատորիայի կառուցման համար։

Շիրակի մարզում առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանը, բուժհաստատությունների կառուցմանն ու վերակառուցմանը միտված աշխատանքները Շիրակի մարզպետի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Առանձնակի կարևորվում են ինչպես նոր բուժհաստատությունների կառուցումը, այնպես էլ գործող առողջապահական կառույցների պայմանների բարելավումն ու արդիականացումը: «Մարզում իրականացվող ծրագրերի շրջանակում կարևոր նշանակություն է տրվում շինարարական աշխատանքների որակին, սահմանված ժամկետների պահպանմանը և պետական միջոցների նպատակային օգտագործմանը։ Դրանց ընթացքը, ինչպես նաև աշխատանքների ընթացքում առաջացող խնդիրների լուծումը գտնվում են մարզպետ Դավիթ Առուշանյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում»,-նշում են մարզպետ աշխատակազմից։
Իրականացվող ծրագրերի նպատակն է Շիրակի մարզում ձևավորել ժամանակակից պահանջներին համապատասխան առողջապահական ենթակառուցվածքներ, բարելավել բուժօգնության պայմաններն ու բարձրացնել բժշկական ծառայությունների հասանելիությունը մարզի բնակչության համար։