ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Տավուշի մարզում իրականացվում է 10 շինարարական ծրագիր
2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ Տավուշի մարզում իրականացվում է տասը շինարարական ծրագիր՝ կառուցվում են նոր դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային ամբուլատորիաներ, իրականացվում են նաև դպրոցների վերանորոգման ծրագրեր։ Տասը ծրագրի պետական ներդրումը կազմում է ավելի քան 13 միլիարդ 637 միլիոն դրամ։
ՀՏԶՀ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խումբն այցելել է Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու կատարվող շինաշխատանքներին։

«Արմենպրես»-ը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից տեղեկանում է, որ Այրում բնակավայրում կառուցվում է միջնակարգ դպրոց, որը նախատեսված է 432 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 884 միլիոն դրամ։

Այրումում զուգահեռ կառուցվում է նաև բժշկական ամբուլատորիա, որի համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 239 միլիոն դրամ։
Շուտով կավարտվի Բագրատաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի շինարարությունը, որը նախատեսված է 432 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 601 միլիոն դրամ։

Սևքար բնակավայրի համար ևս կառուցվում է միջնակարգ դպրոց` նախատեսված 432 աշակերտի համար։ Պետական միջոցներից հատկացվել է ավելի քան 2 միլիարդ 458 միլիոն դրամ։
Պտղավան բնակավայրում էլ կառուցվում է կրթահամալիր` նախատեսված դպրոցի 200 աշակերտի և մանկապարտեզի 40 սանի համար։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանը շինարարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ շինաշխատանքները պետք է կատարվեն պահանջվող ժամկետում և առանց շեղումների, իսկ ժամկետների խախտումներից խուսափելու համար շինհրապարակներում անհրաժեշտության դեպքում պետք է ավելացնել աշխատուժը։