Կրթություն

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

3 րոպեի ընթերցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ Լոռու մարզում իրականացվում է 30 շինարարական ծրագիր։ Կառուցվում են նոր դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային ամբուլատորիաներ, ինչպես նաև իրականացվում են դպրոցների վերանորոգման ծրագրեր։

Պետական ներդրումը կազմում է ավելի քան 42 միլիարդ 237 միլիոն դրամ։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ ՀՏԶՀ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խումբն այցելել էր Լոռու մարզ, տեղում ծանոթացել մարզում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների ընթացքին։

Հիմնադրամի պատվիրատվությամբ Հարթագյուղ բնակավայրում կառուցվում է կրթահամալիր, որը նախատեսված է դպրոցի 144 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 585 միլիոն դրամ։

Սպիտակ քաղաքում էլ կառուցվում է թիվ 8 միջնակարգ դպրոցը` նախատեսված 576 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է մոտ 2 միլիարդ 333 միլիոն դրամ։

Շուտով իր դռները կբացի նաև Գարգառ բնակավայրի կրթահամալիրը։ Այն նախատեսված է դպրոցի 200 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար։ Նոր կրթահամալիրի շենքի կառուցման համար պետական միջոցներից հատկացվել է ավելի քան 2 միլիարդ 69 միլիոն դրամ։

Մարզի Միխայելովկա բնակավայրում ևս կգործի նոր կրթահամալիր` նախատեսված դպրոցի 200 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 866 միլիոն դրամ։

Եվս մեկ կրթահամալիր` նախատեսված դպրոցի 200 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար, կառուցվում է Կաթնառատ բնակավայրում։ Պետական ներդրումը կազմում է 1 միլիարդ 897 հազար դրամ։

Ալավերդի քաղաքում էլ ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ կառուցվում է երկու կրթօջախ։ Մեկ կրթահամալիր` նախատեսված 200 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար, որի պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 845 միլիոն դրամ։

Ավարտական փուլում է 432 աշակերտի համար նախատեսված Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցի շինարարությունը։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 495 միլիոն դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում