Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը
2 րոպեի ընթերցում

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ քոլեջների հեռակա ուսուցմամբ դիմորդների դիմում-հայտերը և փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով, մինչև նոյեմբերի 25-ը ժամը 18:00 ներառյալ։
Հեռակա ուսուցմամբ ընդունելությանը կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք։
ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն այս ուսումնական տարում իրականացվում է ըստ նոր կարգի։
Հայտագրման ամբողջ գործընթացը թվայնացված է և իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով՝ օգտատիրոջ էջից՝ հետևյալ երկու քայլերով.
Քայլ 1. Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջ։ Էջի ստեղծման մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։
Քայլ 2. Եթե արդեն անցել եք նույնականացման գործընթացը և https://my.emis.am/ հարթակում ունեք օգտատիրոջ էջը, կարող եք ընտրել քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը։ Հայտագրման հաջորդական քայլերը ներկայացված են քոլեջների հայտագրման ուղեցույցում։
Դիմորդը կարող է դիմել մեկ մասնագիտական ուսումնական հաստատություն՝ մեկ մասնագիտության համար։