Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում
6 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքը պետք է սկսվի կրթությունից՝ վաղ տարիքից զարգացնելով սովորողների բնապահպանական գիտակցությունը, քննադատական մտածողությունը և պատասխանատու վարքագիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ելույթ ունենալով COP17-ի շրջանակում տեղի ունեցած Կենսաբազմազանության կրթության օրվա միջոցառմանը։
«Կենսաբազմազանության կորուստը մեր ժամանակի ամենալուրջ մարտահրավերներից է։ Դրա հաղթահարումը պահանջում է ոչ միայն արդյունավետ բնապահպանական քաղաքականություն, այլև գիտելիք, պատասխանատվություն և հասարակության բոլոր շերտերի ակտիվ ներգրավվածություն։ Հենց այս համատեքստում է կրթությունը դառնում առանցքային գործիք՝ ձևավորելու բնության նկատմամբ գիտակից վերաբերմունք և այն պաշտպանելու համար անհրաժեշտ կարողություններ։
Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանության օրակարգն առանձնահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունն ու բնական էկոհամակարգերը, որոնք կարևոր ազգային արժեք են և պահանջում են հետևողական ու երկարաժամկետ պահպանության քաղաքականություն»,- նշել է նախարարը՝ ընդգծելով կենսաբազմազանության կրթության զարգացմանն ուղղված մեր երկրի հաձնառությունը։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է կայուն զարգացմանն ուղղված կրթության դերի ամրապնդումը, ուսումնական գործընթացում բնապահպանական գիտելիքի ինտեգրումը, սովորողների կապի ամրապնդումը բնության և համայնքների հետ։
Նախարարի համոզմամբ՝ կրթությունը չպետք է սահմանափակվի միայն տեսական գիտելիքի փոխանցմամբ, այլ սովորողներին հնարավորություն ընձեռի ձեռք բերած գիտելիքները կիրառել գործնականում՝ մասնակցելով բնապահպանական նախաձեռնություններին։
Նախարարը շեշտել է նաև Կենսաբազմազանության կրթության գործողությունների գլոբալ ծրագրի (GPA-EB) նշանակությունը՝ ընդգծելով ազգային կրթական քաղաքականությունների, բնապահպանական նախաձեռնությունների, քաղաքացիական հասարակության, երիտասարդների, տեղական համայնքների և միջազգային կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։
Միջոցառումն անցկացվել է «Կենսաբազմազանության կրթությունը՝ հանուն վերափոխիչ փոփոխությունների. Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը կրթության և գործնական գործողությունների միջոցով» խորագրով։
Անհրաժեշտ է փոխել բնության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերն ևս ընդգծել է կրթության կարևորությունը կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական գիտակցության ձևավորման գործում՝ առանձնահատուկ կարևորելով երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը։ Նա անդրադարձել է նաև Կենսաբազմազանության կրթության գործողությունների նոր ծրագրին՝ այն համարելով միջազգային ջանքերի համադրման կարևոր ուղենիշ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Էկոլոգիական և երկրաբանական գիտությունների բաժնի տնօրեն Անտոնիո Աբրեուն շեշտել է, որ կենսաբազմազանության պահպանության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է փոխել բնության նկատմամբ մարդկանց վերաբերմունքն ու վարքագիծը։
«Մենք չենք կարող հասնել կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հավակնոտ նպատակներին՝ առանց փոխելու այն ձևը, որով մարդիկ ընկալում և արժևորում են բնության հետ կապը։ Կրթությունն այս վերափոխման հիմնարար նախապայմանն է»,- նշել է Անտոնիո Աբրեուն՝ ընդգծելով, որ կրթությունը պետք է դուրս գա դասարանների սահմաններից՝ կապելով գիտելիքը գործնական քայլերի, իսկ բնության պահպանությունը՝ մարդկանց առօրյա կյանքի հետ։
Թեմատիկ քննարկումներ
Կենսաբազմազանության կրթության օրվա շրջանակում կանցկացվեն թեմատիկ քննարկումներ և ինտերակտիվ աշխատաժողովներ՝ նվիրված կրթության տարբեր մակարդակներում կենսաբազմազանության թեմաների ներառմանը, ուսուցիչների կարողությունների զարգացմանը, բնապահպանական կրթության նորարարական մոտեցումներին և համայնքների ներգրավվածության ընդլայնմանը։
Քննարկումներին մասնակցում են պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների, երիտասարդական նախաձեռնությունների և բնապահպանական ոլորտի ներկայացուցիչներ։
Միջոցառման առանցքային թեմաներից է Կենսաբազմազանության կրթության գործողությունների գլոբալ ծրագրի նախագիծը, որի նպատակն է նպաստել կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքների տարածմանը, բնության պահպանությանն ուղղված կարողությունների զարգացմանը և հասարակության լայն մասնակցությանը։
Միջոցառման հիմնական կազմակերպիչներն են Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ), Բնության պահպանության միջազգային միության Կրթության և հաղորդակցության հանձնաժողովը (IUCN CEC) և COP17-ի հայկական նախագահությունը։