Հայաստան

Կլիմայի փոփոխությունը և կենսաբազմազանությունը՝ կրթության կարևոր բաղադրիչ. քննարկում՝ COP17-ի շրջանակում

4 րոպեի ընթերցում

Կլիմայի փոփոխությունը և կենսաբազմազանությունը՝ կրթության կարևոր բաղադրիչ. քննարկում՝ COP17-ի շրջանակում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ, COP17-ի «Կապույտ գոտու» ՄԱԿ-ի տաղավարում անցկացրել են «Կենսաբազմազանությունը և կայուն զարգացումը կրթության մեջ» խորագրով քննարկում՝ նվիրված կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության վերաբերյալ կրթությանը:

Քննարկման բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խորհրդական Արևիկ Անափիոսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանից, Արգենտինայից և Մեքսիկայից ժամանած երիտասարդ պատվիրակների, քաղաքականություն մշակողների, կրթության ոլորտի փորձագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է, թե ինչպես կարելի է կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության վերաբերյալ կրթությունը դուրս բերել առանձին նախագծերի ու իրազեկման արշավների շրջանակից՝ այն դարձնելով դպրոցական ուսումնական ծրագրերի, ուսուցիչների մասնագիտական զարգացման և ամենօրյա ուսումնառության անբաժանելի մաս։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանի դիտարկմամբ՝ կրթական համակարգում աշակերտների մոտ բնապահպանական գիտակցության զարգացումը կրթության համակարգի կարևոր խնդիրներից է.

«Ամենակարևոր բանը, որ հիմա կարող ենք անել էկոգիտակից մոտեցումներ դրսևորելու նպատակով, աշակերտներին սեփական հետաքրքրությունների շրջանակում ավելի մեծ ազատություն տալն ու այդօրինակ նախագծերում ներգրավելն է: Այլ կերպ ասած՝ տալ հնարավորություն և ցուցաբերել օգնություն՝ արտահայտելու իրենց հետաքրքրություններն ու նախասիրությունները էկոհամակարգի մասին հոգ տանելու գործում»:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ մշակված մեթոդական նյութերին, որոնք օգնում են ուսուցիչներին կլիմայի վերաբերյալ կրթությունը ներառել դպրոցական ծրագրերում։

2020-2025 թվականներին նախաձեռնության շրջանակում 33 համայնքի ավելի քան 400 ուսուցիչ ստացել է  աջակցություն՝ նախագծային ուսուցման միջոցով իրականացնելու կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթություն իր կարողություններն ամրապնդելու համար։ Նույն ժամանակահատվածում 2015 աշակերտ իրականացրել  է ավելի քան 275 տեղական բնապահպանական նախագիծ։

«Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթությունը կարող է լինել գործնական և անմիջականորեն առնչվել երեխաների կյանքին, եթե ուսուցիչներն անհրաժեշտ աջակցություն են ստանում։ Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է ամրապնդել ձեռք բերված արդյունքները, և նման կրթությունը հասանելի դարձնել յուրաքանչյուր երեխայի համար»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը:

«Մենք չենք կարող ակնկալել, որ կհասնենք կլիմայի և կենսաբազմազանության պահպանության մեր նպատակներին՝ առանց մարդկանց անհրաժեշտ գիտելիքներով, քննական մտածողության հմտություններով և գործելու կարողությամբ զինելու»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խորհրդական Արևիկ Անափիոսյանը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև «Սևանիկ» մուլտիպլիկացիոն շարքի թողարկումներից մեկը։ Մուլտիպլիկացիոն շարքը ստեղծվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ Օն Օֆֆ ստուդիոյի (OnOff Studio) հետ համագործակցությամբ։ Այն օրինակ է, թե ինչպես կարելի է հետաքրքիր պատմությունների և գրավիչ բովանդակության միջոցով փոքր տարիքի երեխաներին մատչելի ու հասկանալի ձևով ներկայացնել բնապահպանական խնդիրները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում