ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր
3 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության պահպանության գործում կարևոր դեր ունի նաև մաքսային ծառայությունը, քանի որ մաքսային հսկողությունն օգնում է կանխարգելել վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը։ Այդ երևույթի դեմ պայքարը նշանակալի ուղղություն է COP17-ի օրակարգում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում, ի թիվս նշված խնդրի, ՊԵԿ աշխատակիցներ Լիլիթ Ղազարյանն ու Մարիամ Տիտիզյանն անդրադարձել են «Կանաչ մաքսատան» առանձնահատկություններին, մաքսային ծառայողների պատրաստվածությանը վայրի կենդանիների և բույսերի ապօրինի տեղափոխումը կանխելու գործում, ինչպես նաև մաքսանենգության դեպքերին ու ռիսկերին։
««Կանաչ մաքսատունը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրերի հովանու ներքո է և այդ նախաձեռնության իրական իմաստը կրթական ծրագրերի ստեղծումն է, որոնց հիմքում ընկած կլինի մաքսային ծառայողի կարողությունների զարգացումը։ 2004 թվականից է հիմնվել նախադեպը չունեցող այդ նախաձեռնությունը, իսկ 2021 թվականին եռակողմ հուշագիր է ստորագրվել տնտեսագիտական համալսարանի, շրջակա միջավայրի նախարարության և պետական եկամուտների կոմիտեի միջև, որպեսզի մաքսային վարչարարության առարկան դասավանդվի ուսանողների շրջանում»,- ասաց Ղազարյանը։

Նա հավելեց, որ գիտելիքներն անհրաժեշտ են, որպեսզի մաքսավորն ընկալի այն նրբությունները, որոնք կարող են լինել կենդանիների և բույսերի անդրսահմանային տեղափոխման ժամանակ։ Նրա համոզմամբ՝ մաքսավորն ուժեղ է, երբ ունի լավ գիտելիք, հետևաբար իրենք փորձում են վերապատրաստման դասերով հնարավորինս աջակցել ՊԵԿ աշխատակիցներին, որպեսզի իրենք իրենց մենակ չզգան։ Ղազարյանի բնորոշմամբ՝ սահմանն ուժեղ է, եթե ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր:
Մարիամ Տիտիզյանն իր հերթին հայտնեց, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է նաև վայրի կենդանիների, հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխման կանխարգելման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ։ Մասնավորապես իրականացվում է տեղեկությունների վերլուծություն, ուսումնասիրվում են հնարավոր ռիսկերը, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել թիրախավորված մաքսային հսկողություն։

«Երբ մաքսային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա աշխատանք և թիրախավորված գործունեություն, ապա սկզբում կանխարգելում, այնուհետև բացահայտում է խախտումները: Կարևոր է, որ յուրաքանչյուր մաքսային ծառայող իր գործունեության ընթացքում կարողանա նույնականացնել սահմանով տեղափոխվող ապրանքները և գնահատել ռիսկերը, ուսումնասիրել ապրանքների ձեռքբերման փաստաթղթերը»,- նշեց Տիտիզյանը:
Մանրամասները տեսանյութում։