ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը Երկրորդ կոմիտեի նիստում ներկայացրել է COP17-ի հիմնական արդյունքները
2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի նիստում ՀՀ պատվիրակությունն ընդգծել է 2026թ. հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայացած Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հիմնական արդյունքները՝ մասնավորապես Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման ամփոփումը և «Երևանյան ուղու» (Yerevan Pathway) ընդունումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Հայաստանը կարևորել է COP17-ի արդյունքների և «Երևանյան ուղով» նախանշված առաջնահերթությունների առնչությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության և սնուցման, բնապահպանական կառավարման, ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարի, կլիմայի պաշտպանության, աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև սպառման և արտադրության կայուն մոդելների խթանմանն առնչվող բանաձևերին:
Պատվիրակությունը կարևորել է Ռիոյի կոնվենցիաների միջև փոխգործակցության ամրապնդումը և վերահաստատել ՄԱԿ-ի անդամ պետությունների ու միջազգային գործընկերների հետ համագործակցելու իր հանձնառությունը՝ «Երևանյան ուղու» առաջմղման և կենսաբազմազանության ոլորտում մինչև 2030 թվականը սահմանված գլոբալ թիրախների իրականացման արագացման ուղղությամբ: