Հայաստանը հավաստիացրել է, որ Իրանի սահմանին մոտ ռազմական կամ անվտանգության ուժեր չեն տեղակայվի. Էսմայիլ Բաղային՝ ԹՐԻՓՓ-ի մասին
2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային անդրադարձել է հայ-ամերիկյան ԹՐԻՓՓ նախագծին՝ շեշտելով, որ հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները, որ Իրանի շահերն ու մտահոգությունները հաշվի են առնվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը, Բաղային նշել է, որ Իրանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ, և Թեհրանը աջակցում է տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պետք է հարգվեն հարևան երկրների շահերն ու մտահոգությունները, աշխարհաքաղաքականության մեջ փոփոխություններ չպետք է լինեն, և որևէ երրորդ կողմի չպետք է թույլ տրվի խաթարել տարածաշրջանային անվտանգությունը։
Բաղային նշել է, որ թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը գիտակցում են երկու ժողովուրդների միջև վաղեմի հարաբերությունների կարևորությունը։
«Հայաստանի անկախությունից ի վեր ձևավորված դրական կապերը նպաստել են երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը։ Իրանի սահմանների մոտ ցանկացած ռազմական կամ անվտանգության ուժերի ներկայությունն անընդունելի է, և հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները։ Երկու երկրների միջև վստահության բարձր մակարդակ է ձևավորված»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկի մասին։ ԹՐԻՓՓ-ի մեկնարկի առնչությամբ ուղերձով է հանդես եկել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։