Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի հետ հակամարտությունը կարգավորել բացառապես իր առաջարկներով. Էմմա Բեգիջանյան
4 րոպեի ընթերցում

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման գործում որոշակի հստակություն կլինի ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Էմմա Բեգիջանյանն անդրադարձել է ԱՄՆ-Իրան հակամարտության վերջին զարգացումներին և կոնֆլիկտի հնարավոր հանգուցալուծման հեռանկարին։
«Ներկա փուլում Իրանի քաղաքական վերնախավում կա երկու հոսանք։ Մեկի ներկայացուցիչները կողմ են բանակցությունների շարունակմանը, իսկ մյուսի ներկայացուցիչները գտնում են, որ բանակցություններով հիմնահարցը չի լուծվում, քանի որ ամեն անգամ, երբ Իսլամաբադում բանակցող կողմերը փորձում են գալ որոշակի համաձայնության, ամերիկյան կողմն Իրանին հասցնում է ռազմական նոր հարվածներ։ Իսկ ԱՄՆ-ում կա երեք հոսանք։ Մի մասը՝ պատերազմի քարտուղար Փիթ Հեգսեթի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և մի քանի այլ գործիչների գլխավորությամբ, կողմ են պատերազմական գործողությունների շարունակմանը, մյուս մասը կողմ է Իրանի դեմ կիրառվող սահմանափակումների խստացմանը՝ կարծելով, որ դա ավելի արդյունավետ ուղի է, իսկ մյուս մասն էլ կողմ է բանակցությունների միջոցով հիմնախնդրի լուծմանը»,- ասաց Բեգիջանյանը։
Նա հավելեց, որ ամերիկյան վերնախավի վրա նախկինի պես մեծ ազդեցություն ունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որն ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմը շարունակվի, քանի որ այդ կերպ նա կպահպանի իշխանությունը։ Բեգիջանյանի դիտարկմամբ՝ անվտանգության ուժերը, «Մոսադը» Նեթանյահուի կողմում են, իսկ բանակի հրամանատարությունը դեմ է ակտիվ ռազմական գործողությունները շարունակելուն։
«Թեև Նեթանյահուի քաղաքական ընդդիմախոսն ու մրցակիցը՝ «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Էյզենկոտը, նույնպես տոգորված չէ Իրանի հետ բարեկամություն հաստատելու հեռանկարով, բայց եթե կարողանա գալ իշխանության ու Իսրայելում ձևավորել նոր կառավարություն, ապա կգործի ոչ թե հանուն սեփական իշխանության պահպանության, այլ կփորձի բանակցելու միջոցով հասնել նախանշված նպատակների իրականացմանը»,- ասաց իրանագետը։
Բեգիջանյանը հիշեցրեց, որ իրանական կողմն ի պատասխան Քեշմ կղզում տեղի ունեցած պայթյունի՝ հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, ինչից հետո հակամարտությունը հերթական անգամ սրվել է և կա նույնիսկ էսկալացիայի վտանգ, մինչդեռ իրանական կողմն ավելի վաղ հանդես էր եկել կարգավորման առաջարկով և ներկայացրել էր իր պայմանները, որոնք ամերիկյան կողմը մերժել էր։
«Միացյալ Նահանգներում կայացան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնցում Հանրապետական կուսակցությունը կրեց ջախջախիչ պարտություն։ Հանրապետականներն այժմ խիստ զայրացած են և փորձում են իրենց զայրույթը թափել իրանցիների գլխին, այնինչ ընտրություններում նրանց պարտության հիմնական պատճառներից մեկը հենց Իրանի դեմ պատերազմն է։ Ամերիկյան կողմն ուզում է, որպեսզի հակամարտությունը լուծվի բացառապես իր, այլ ոչ թե իրանական կողմի առաջարկներով»,- նշեց մեր զրուցակիցը։
Իրանագետի դիտարկմամբ՝ շատ կարևոր է արձանագրել այն հանգամանքը, որ վերջին սրացումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման նախօրեին։
Ւրանագետը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը քննարկված կարևորագույն հարցերից մեկն առնչվել է Իրանին։
«Այդ հանդիպումից հետո հակամարտության կարգավորման գործում կարող է լինել որոշակի հստակություն։ Աշխարհը գնում է բազմաբևեռ կառավարման, հետևաբար Ռուսաստանն ու Չինաստանը հազիվ թե թույլ տան, որպեսզի Իրանի շուրջ օղակը վերջնականապես փակվի և Իրանը խեղդվի պատժամիջոցներից ու սահմանափակումներից, բայցև չեն համակերպվի այն հեռանկարի հետ, որպեսզի Իրանը դառնա երկրորդ Հյուսիսային Կորեա»,- եզրափակեց Բեգիջանյանը։
