Իրան

Պարսից ծոցի մի շարք երկրներ դատապարտել են Իրանի հարձակումները Քուվեյթի և Բահրեյնի վրա

2 րոպեի ընթերցում

Պարսից ծոցի մի շարք երկրներ դատապարտել են Իրանի հարձակումները Քուվեյթի և Բահրեյնի վրա

Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարը, ինչպես նաև Պարսից ծոցի մի քանի երկիր դատապարտել են Իրանի հարձակումները Քուվեյթի և Բահրեյնի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մոհամեդ ալ Բուդայվին հայտարարել է, որ Իրանն է «պատասխանատու այս էսկալացիայի և տարածաշրջանային անվտանգության վրա դրա հետևանքների համար»։

«Իրանի շարունակական հարձակումները վկայում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված ջանքերը խաթարելու նրա վճռականության և բարիդրացիության սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի ու ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին», - հայտարարել է Ալ Բուդայվին՝ ընդգծելով, որ Ծոցի համագործակցության խորհրդի անդամ պետությունները միասնականորեն աջակցում են նման հարձակումների դեմ պայքարին։

Քուվեյթն անօդաչու թռչող սարքերով հարձակումներն անվանել է «իր ինքնիշխանության բացահայտ խախտում» և իր անվտանգությանն ու կայունությանը «ուղիղ սպառնալիք»։  

Կատարը հայտարարել է, որ Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» են և սպառնում են խաթարել «տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատելու քաղաքական և դիվանագիտական ջանքերը»։

Բահրեյնն էլ Իրանին մեղադրել է «հանցավոր հարձակումներ» իրականացնելու մեջ։

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան մարտական անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող «Ալի Ալ Սալեմ» ռազմաբազայում տեղակայված ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման հարթակներին։

Բացի այդ, հերթական հարվածներն են հասցվել Բահրեյնում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ։

Նոյեմբերի 17-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ամերիկյան ուժերը հարվածել են Ղեշմ կղզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռների արձակման կայանի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում