Իրանի զինվորականները հայտնել են Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի վրա գրոհելու մասին
2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել Բահրեյնի Շեյխ Իսա ռազմաբազայում տեղակայված ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ հարվածը հասցվել է՝ ի պատասխան ԱՄՆ-ի բանակի անօդաչու թռչող սարքերի կողմից Իրանի օդային տարածքի շարունակական խախտումների։ Ըստ հաղորդագրության՝ մարտական անօդաչուները հարվածել են ռադիոտեղորոշիչ կայանին և ոչնչացրել այն»։
«Իրանի օդային տարածքի շարունակական խախտումները և տարածաշրջանի ռազմաբազաների և օբյեկտների օգտագործումը երկրի դեմ թշնամական գործողությունների համար անպատասխան չեն մնա», - նշել է ԻՀՊԿ-ն։
Կորպուսը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է Բահրեյնում ամերիկյան կայանների հարվածելու մասին։
Իր հերթին, Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է հնարավոր սպառնալիքի մասին, սակայն այնուհետև հայտնել է, որ վտանգն անցել է։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ «նախազգուշական միջոցառումները շարունակում են գործել», և քաղաքացիներին կոչ է արվում զգոնություն ցուցաբերել։
Բահրեյնի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը, որ ԻՀՊԿ-ն իրականացրել է Շեյխ Իսա ավիաբազայի ուղղությամբ։