Անհրաժեշտ կլինեն բարդ որոշումներ. Քուշները հայտնել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում առաջընթացի մասին
4 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը գործընկերների հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նոյեմբերի 16-ին զրուցել են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ, քննարկել գրանցված առաջընթացը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրել է Քուշները։
Նա հավելել է, որ «արդյունավետ» հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի և Իտալիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։
Քուշները նշել է նաև, որ սկսվել է հաջորդ բազմակողմ հանդիպման օրակարգի նախապատրասումը։ Կողմերը փորձում են այդ հանդիպումը կազմակերպել մոտ ապագայում։
«Մեր քննարկումների առանցքում հիմնարար հարցը հետևյալն էր՝ ինչպե՞ս վերջ դնել այս սարսափելի պատերազմին և ստեղծել հետպատերազմյան անվտանգության այնպիսի մեխանիզմներ, որոնք կնվազեցնեն ապագա պատերազմների հավանականությունը», - նշել է նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն կմնա եվրոպական անվտանգության առանցքային հենասյուներից մեկը։
Նա հավելել է, որ մեկ տարի առաջ սկսելով կարգավորման ջանքերը՝ ամերիկյան կողմը սահմանել է, որ Ուկրաինայի համար հաջող արդյունքն ինքնիշխան, անվտանգ և բարգավաճ պետության ձևավորումն է, որն ազատ է ինքնուրույն որոշելու իր ապագան։ Այս ընթացքում, Քուշների խոսքով, էական առաջընթաց է գրանցվել այդ տեսլականի իրականացման ուղղությամբ՝ հիմնվելով երեք հիմնական հենասյուների վրա։
«1. Ուժեղ և վստահելի անվտանգության երաշխիքներ, որոնք կպաշտպանեն Ուկրաինան ապագա ագրեսիայից։ 2. Եվրամիությանն անդամակցելու ճանապարհ, որը կամրապնդի Ուկրաինայի երկարաժամկետ ապագան Եվրոպայում։ 3. Հետպատերազմյան բարգավաճման համապարփակ ծրագիր, որը մշակվում է մեր եվրոպացի գործընկերների, Համաշխարհային բանկի և այլ կառույցների հետ՝ Ուկրաինայի ֆինանսական կայունությանը, վերականգնմանը, ներդրումներին և երկարաժամկետ տնտեսական աճին աջակցելու նպատակով», - գրել է ԱՄՆ նախագահի բանագնացը։
Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ խաղաղության ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ընդունելի լինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար։
«Դեռևս լուրջ մարտահրավերներ կան, իսկ վերջնական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կլինեն բարդ որոշումներ։ Սակայն Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ սերտ համակարգմամբ մենք առաջընթաց ենք գրանցում դեպի այնպիսի արդյունք, որը կարող է վերջ դնել այս պատերազմին, ամրապնդել եվրոպական անվտանգությունը և հիմքեր ստեղծել երկարատև խաղաղության համար», - եզրափակել է Քուշները։
Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին կայացել են եռակողմ բանակցությունների ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի թիմերի միջև։ Նոյեմբերի 12-ին Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Այնուհետև նրանք նույն օրը Դուբլինում բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Եվրոպայի ներկայացուցիչների հետ։