Բարսելոնայում ոստիկանությունը ցրել է բնակարանային ճգնաժամի դեմ բողոքողների ճամբարը
1 րոպեի ընթերցում

Իրավապահ մարմինների աշխատակիցներն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ցրել են բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ակցիաների ֆոնին խփված ճամբարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է RTVE հեռուստառադիոընկերությունը։
Նշվում է, որ ոստիկանական մի քանի մեքենա շրջապատել է Կատալոնիայի հրապարակը՝ փակելով տրանսպորտի երթևեկությունը և սահմանազատելով սեպտեմբերի 29-ից խփված ճամբարի շրջակա տարածքը։ Այնուհետև իրավապահները ցուցարարներին խնդրել են հավաքել իրերն ու հեռանալ տարածքից։ Դրանից հետո քաղաքային ծառայության աշխատակիցները սկսել են գոտու մաքրումը։
EFE լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ճամբարը ցրելու պահին այնտեղ գտնվել է մոտ 300 մարդ, որոնցից շատերը եղել են անօթևան։ Տարածքից հեռացվելուց հետո նրանք տեղափոխվել են Բարսելոնայի այլ շրջաններ, մասնավորապես, լողափնյա գոտու կողմը։
Ավելի վաղ Իսպանիայի տարբեր քաղաքներում բնակարանային ճգնաժամի ֆոնին խփվել են վրանային ճամբարներ։ Դրանցից մեկը հայտնվել էր նաև Մադրիդի կենտրոնական հրապարակում: Այն ցրվել է նոյեմբերի սկզբին: