Կալասը Կիևին Մոսկվայի ներկայացրած պահանջները համարում է պատերազմը շարունակելու պատրվակ
1 րոպեի ընթերցում

Եվրոպան պետք է զիջումներ տեսնի ռուսական կողմից, ինչպես նաև հրադադար՝ Ուկրաինայում՝ նախքան խաղաղության շուրջ լուրջ բանակցությունների մեկնարկը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ հավելելով, որ Մոսկվայի ներկայացրած պահանջները պատրվակ են պատերազմը շարունակելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրուսելում ԵՄ երկրների արտգործնախարարների նիստին ժամանելիս լրագրողների հետ Կալասի զրույցի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը։
«Մենք պետք է նրանցից զիջումներ պահանջենք, որպեսզի կարողանանք հասնել արդար և երկարատև խաղաղության ինչպես Ուկրաինայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում.... Մենք պետք է տեսնենք հրադադար, որպեսզի բանակցություններ սկսենք որևէ այլ թեմայի շուրջ», - ասել է նա:
Կայա Կալասը հավելել է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունների ժամանակ Մոսկվան առաջ է քաշել նույն պահանջները, ինչ 2021 թվականին: Ավելին, այդ պահանջներին, նրա խոսքով, նորերն են ավելացել:
«Հիմա նրանք կրկին առաջ են քաշում նույն պահանջները՝ միաժամանակ նոր պահանջներ ավելացնելով։ Հետևաբար, սա նույնպես պատերազմը շարունակելու հստակ պատրվակ է։ Ուստի մենք պետք է ամեն ինչին սթափ նայենք», - հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։