Լիտվայում սահմանվել են ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցման նոր կանոններ
2 րոպեի ընթերցում

Լիտվայի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է տարանցման նոր կանոնների սահմանման մասին, որոնք սահմանափակում են ռուսական և բելառուսական հացահատիկի փոխադրումը երկրի տարածքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Լիտվա» գործակալությունը։
«Լիտվայում ուժի մեջ են մտել ՌԴ-ի և Բելառուսի հացահատիկի տարանցումը կասեցնող կանոնները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Լիտվայի կառավարությունը քննարկում է երկրի տարածքով ռուսական հացահատիկի տարանցումն ամբողջությամբ արգելելու հնարավորությունը։
Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ նոր կանոնները նոյեմբերի 16-ից գործում են այս երկու երկրներից արտահանվող ցորենի, գարու, արևածաղկի սերմերի և եգիպտացորենի նկատմամբ:
Հստակեցվում է, որ որպես տարանցման կետ ծառայող Կլայպեդայի նավահանգստով ստացվող հացահատիկը չի կարող մաքսային հսկողություն անցնել մինչև դրա ծագման վերաբերյալ անալիզների արդյունքների ստացումը։
Ինչպես ընդգծում է գործակալությունը, Լիտվայում չկան անհրաժեշտ ստուգումներ անցկացնելու համար համապատասխան լաբորատորիաներ, ուստի նմուշները պլանավորում են փորձաքննության ուղարկել արտասահման, ինչը կարող է տևել մինչև երկու ամիս։
Հոկտեմբերին մերձբալթյան երկրների ղեկավարները համատեղ նամակ էին ուղարկել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ կոչ անելով արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Եվրամիության տարածքով։