Իրան

Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի արտաքին գործերի նախարար Աբդ ալ-Լատիֆ բին Ռաշիդ ալ-Զայանիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղարը դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա և վերահաստատել Միացյալ Նահանգների հանձնառությունն՝ ապահովելու Բահրեյնի և Ծոցի տարածաշրջանում մեր բոլոր գործընկերների անվտանգությունը»,  - նշված է հաղորդագրության մեջ։

Պետքարտուղարն ու Բահրեյնի ԱԳ նախարարը նաև վերահաստատել են ԱՄՆ-ի և Բահրեյնի միջև երկարամյա ռազմավարական գործընկերությունը, որի հիմքում ընկած են այդ երկրի՝ որպես ՆԱՏՕ-ին չանդամակցող հիմնական դաշնակցի կարգավիճակը, ինչպես նաև «Անվտանգության համապարփակ ինտեգրման և բարգավաճման մասին» համաձայնագիրը (C-SIPA)։

Նոյեմբերի 13-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ վաղ նախազգուշացման ռադիոտեղորոշիչ կայանի վրա։ ԱՄՆ զինվորականները հերքել են դա՝ ասելով, որ որսացել են երկու իրանական անօդաչու թռչող սարք՝ առանց որևէ վնասի։

Բացի այդ, ԻՀՊԿ-ն նոյեմբերի 15-ին հայտնել է, որ վեց անօդաչու թռչող սարք է գործարկել Բահրեյնի Ռիֆա ավիաբազայում գտնվող ԱՄՆ հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ համակարգի ուղղությամբ։ Բահրեյնը հայտարարել է, որ որսացել և ոչնչացրել է իրանական մի քանի անօդաչու։

ԱԹՍ-ների ևս մեկ հարձակում տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին՝ Շեյխ Իսա ավիաբազայի վրա։ Բահրեյնը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են հարձակումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում