Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության հարցը
2 րոպեի ընթերցում

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսայիդին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մասկատում կայացած հանդիպմանը քննարկել են նավագնացության անվտանգության և Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման ուղիների հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։
«Նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության, միջազգային նավագնացության և առևտրի անխափան ընթացքի ապահովման կարևորության, ինչպես նաև քաղաքական և դիվանագիտական կապի ուղիները բաց պահելու անհրաժեշտության հարցերը», - ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։
Գերատեսչությունը հավելել է, որ ալ Բուսայիդին և Արաղչին անդրադարձել են տարածաշրջանի իրադրության զարգացմանը, ընթացիկ մարտահրավերներին և «լարվածության թուլացման դիվանագիտական տարբերակներին»։ Կողմերի կարծիքով՝ բանակցային գործընթացի վերսկսումը թույլ կտա ընդլայնել փոխըմբռնումը և կանխել ճգնաժամի հետագա ծավալումը։
Բադր ալ Բուսայիդին իր հերթին X-ում գրել է, որ իրանցի գործընկերոջ հետ «կառուցողական» հանդիպում է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Իրան-Օման հարաբերությունների «կայուն ընթացքը» և երկկողմ հարաբերությունները խորացնելու գործնական քայլերը։
Նոյեմբերի 11-ին Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը և Մասկատը փոխըմբռնման են եկել Հորմուզի նեղուցում նավագնացային միջանցքի և նավերի երթևեկության բաժանման սխեմայի վերաբերյալ։ Նա նշել է, որ նեղուցի կարգավիճակը «չի վերադառնա այն վիճակին, որում գտնվում էր մինչև պատերազմը»։