Մարտական գործողություններից փախած եմենցիների թիվը գերազանցել է 340 հազարը
3 րոպեի ընթերցում

Եմենի ավելի քան 340 հազար բնակիչ լքել է իր տունը օգոստոսի սկզբից Եմենում մարտական գործողությունների սրման պատճառով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորորդել է ՄԱԿ-ի կազմում գործող Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։
«Ավելի քան 340 000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը Եմենում շարունակվող մարտական գործողությունների և աճող անկայունության պատճառով», - նշել է ՄՄԿ-ն։ Գրեթե բոլոր տեղահանված անձինք երեք նահանգներից են՝ Թայիզից (224 819 մարդ կամ 66%), Լահջից (72 018 մարդ կամ 21%) և Էլ Հոդայդայից (40 782 մարդ կամ 12%)։ «Շարունակվող մարտական գործողությունները, անվտանգության բացակայությունը և տրանսպորտային ուղիների սահմանափակումները խորացնում են ճգնաժամը», - արձանագրել են ՄՄԿ-ում՝ հայտնելով որ առաջին անհրաժեշտության առարկաների մատակարարումը «ձգձգվում է, հումանիտար օգնության աշխատակիցների համար գնալով ավելի դժվար է դառնում հասնել կարիքավորներին»։
Իր հերթին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը լուրջ անհանգստություն է հայտնել «այն հաղորդումների առնչությամբ, որ բախումները հասել են փախստականների Խարազ ճամբար։
ՄԱԿ-ը հակամարտող կողմերին կոչ է արել «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար փախստականների, ապաստան փնտրող անձանց և այլ քաղաքացիական անձանց անվտանգությունը, հարգելու Խարազ ճամբարի քաղաքացիական և հումանիտար բնույթը, ինչպես նաև կատարելու միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները»։
2014 թվականի օգոստոսից Եմենում զինված հակամարտություն է ընթանում հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարական ուժերի միջև։ 2026 թվականի հուլիսին ապստամբները հայտարարեցին թագավորության դեմ ծովային շրջափակման մասին, իսկ այնուհետև հարձակումներ գործեցին նրա մի քանի նավթատար լցանավերի վրա։ Օգոստոսի սկզբին «Անսար Ալլահ» շարժումը հարձակողական գործողություններ սկսեց Եմենի հարավ-արևմուտքում, իսկ սեպտեմբերի 10–11-ին իր վերահսկողության տակ առավ Մոխա նավահանգստային քաղաքը և Բաբ էլ Մանդեբի նեղուցի մերձակա տարածքները։ Հոկտեմբերի 4-ին Եմենի կառավարական ուժերը հայտարարեցին լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին՝ ապստամբների ձեռքում գտնվող տարածքները հետ գրավելու նպատակով: