Իրան

Արաղչին ՄԱԿ-ին և ԱԷՄԳ-ին կոչ է արել դատապարտել իր միջուկային ծրագրի մասին տեղեկատվության համար ԱՄՆ-ի կողմից պարգևավճարի սահմանումը

3 րոպեի ընթերցում

Արաղչին ՄԱԿ-ին և ԱԷՄԳ-ին  կոչ է արել դատապարտել իր միջուկային ծրագրի մասին տեղեկատվության համար ԱՄՆ-ի կողմից պարգևավճարի սահմանումը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, Անվտանգության խորհրդի նախագահին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին բացահայտ և միանշանակ դատապարտել ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը, որով առաջարկվում է մինչև 20 միլիոն դոլար պարգևատրում Իրանի խաղաղ միջուկային ծրագրի մասին տեղեկատվության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Նոյեմբերի 10-ի նամակներում Արաղչին նշել է, որ նոյեմբերի 6-ին և 7-ին Պետքարտուղարության «Պարգևներ արդարության համար» ծրագրի միջոցով հրապարակված և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության կողմից վերահրապարակված հայտարարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ պետության միջուկային ծրագրի անվտանգության և ամբողջականության վերաբերյալ։

Արաղչին հայտարարել է, որ անկախ պետության միջուկային օբյեկտների, սարքավորումների և անձնակազմի վերաբերյալ գաղտնի տեղեկատվության հրապարակային պահանջը, հատկապես երբ այդ օբյեկտները գտնվում են ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո, լուրջ հարցեր է առաջացնում գործակալության երաշխիքների համակարգի վստահելիության, անաչառության և հուսալիության վերաբերյալ։

Արաղչին ՄԱԿ-ի ղեկավարին և Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել միջազգային խաղաղության և անվտանգության համար ԱՄՆ-ի հայտարարության ունեցած լուրջ հետևանքների վրա, իրենց կանոնադրական պարտականությունների շրջանակում անդրադառնալ այն սպառնալիքներին, որ ԱՄՆ-ի գործողությունները ստեղծում են միջուկային օբյեկտների, սարքավորումների և համապատասխան անձնակազմի անվտանգության համար, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել Վաշինգտոնին՝ շարունակվող ոչ իրավաչափ գործողությունների համար։

Նա հատուկ խնդրել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենին վերահաստատել գործակալության՝ անվտանգությանն ուղղված գործողությունների գաղտնիության, անաչառության և ինստիտուցիոնալ անկախության պահպանման կարևորությունը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու, որ պաշտպանության հետ կապված տեղեկատվությունն ու գիտելիքները չբացահայտվեն կամ չչարաշահվեն։

Ավելի վաղ ԱՄՆ կառավարության «Պարգևներ արդարության համար» ծրագիրը և ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների համար մինչև 20 մլն դոլար պարգևավճար առաջարկելու մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում