Մշակույթ

Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին

3 րոպեի ընթերցում

Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին

Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պատվիրակությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային դարավոր կապերի ամրապնդման կարևորությունը և շարունակականության ապահովումը:

Նախարարն առանձնակի հիացմունքով հիշատակել է նախորդ տարի Իրանի Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում տեղի ունեցած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը՝ որպես բացառիկ մշակութային իրադարձություն՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:

Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին ևս կարևորել է երկու երկրների միջև կրթամշակութային կապերի ամրապնդումը՝ պատմական ժառանգության պահպանումն ու զարգացումը:

Կողմերն առանձնակի կարևորել են երկու ժողովուրդների ժամանակակից արվեստի ճանաչումն ու հանրահռչակումը՝ փոխադարձ միջոցառումների և համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհով: Մասնավորապես՝ նախանշվել է Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի սպասվող համերգը Հայաստանում, կարևորվել է օրերս Գևորգ Ասատրյանի թարգմանությամբ լույս ընծայված Ֆիրդուսու «Շահնամե» ստեղծագործության հանրահռչակումը հայ ընթերցողների շրջանում:

Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրներում անցկացվող գրքի փառատոներին փոխադարձ մասնակցությունը, ժամանակակից գրականության թարգմանությունները, շնորհանդեսների կազմակերպումը: Արվեստի ոլորտում առանձնակի շեշտադրվել է ֆիլմարտադրությանը և կինոփառատոների անցկացմանն ուղղված ծրագրերի խթանումը՝ արդեն իսկ ունեցած հաջող փորձառության հիման վրա:

Քննարկվել  է նաև երիտասարդության ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը` մասնավորապես ընդգծելով երիտասարդական ճամբարների ձևավորման հեռանկարները: Պաշտոնյաները երիտասարդների ներգրավումը դիտարկել են նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման խթանմանը: Այս համատեքստում կարևորվել են պարսկերեն ուսումնական նյութերի մշակումը, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումն ու փորձի փոխանակումը:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում