Հայկական երաժշտությունը՝ սառույցի վրա․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հանդես կգան «Վերադարձրու ինձ երաժշտությունը» շոուի շրջանակում
3 րոպեի ընթերցում

Երևանում նոյեմբերի 15-ին կներկայացվի «Վերադարձրու ինձ երաժշտությունը» խորագրով մեծածավալ սառցե շոուն, որը միտված է հայկական մշակութային ժառանգության զարգացմանն ու հանրայնացմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայկական երաժշտական ժառանգությամբ ոգեշնչված ներկայացումը մեկ բեմում կմիավորի գեղասահքը, բալետը, օպերային արվեստը և ժամանակակից տեսողական լուծումները։
«Վերադարձրու ինձ երաժշտությունը» ներկայացումը ստեղծված է հայկական մշակութային ժառանգության հանրայնացման գաղափարի շուրջ։ Սառույցի վրա ծավալվող թատերական պատմությունը հանդիսատեսին հնարավորություն կտա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները բացահայտելու նոր արտահայտչամիջոցների համադրությամբ։
Շոուի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Տիգրան Չուխաջյանի, Ղազարոս Սարյանի, Միքայել Տարիվերդիևի, Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ։ Նրանց երաժշտությունը կուղեկցվի խմբային, մենակատար և զույգային համարներով՝ ստեղծելով պատկերներով ու զգացմունքներով հարուստ ներկայացում և միևնույն ժամանակ կդառնա հարգանքի տուրք աշխարհում ճանաչված երաժշտության հայ հեղինակներին։ «Վերադարձրու ինձ երաժշտությունը» խորագրով մեծածավալ սառցե շոուի պրոդյուսերը և ստեղծողը Զառա Մխեյանն է։
Շոուին կմասնակցեն Հայաստանի առաջատար գեղասահորդներ, այդ թվում՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։ Զույգը Հայաստանը ներկայացրել է 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում՝ զբաղեցնելով 14-րդ տեղը, իսկ նույն տարվա աշխարհի առաջնությունում գրավել է 8-րդ հորիզոնականը՝ ապահովելով աննախադեպ արդյունք մեր երկրի համար։ Նրանց ելույթը սառցե բեմադրության մեջ կմիավորի տեխնիկական վարպետությունն ու արտիստիզմը։
Ներկայացման գեղարվեստական լեզվի հիմքում գեղասահքի, դասական և ժամանակակից բալետի, թատերական ռեժիսուրայի ու տեսողական տեխնոլոգիաների համադրությունն է։ Շոուն կներառի նաև օպերային արվեստի, էսթետիկ մարմնամարզության, կենդանի կատարման և մուլտիմեդիա ինստալացիաների տարրեր։
Արտիստների կազմը ձևավորված է երիտասարդ, խարիզմատիկ և պրոֆեսիոնալ գեղասահորդներից, որոնք յուրաքանչյուր ելույթով ապացուցում են իրենց տաղանդն ու հոգու ուժը։ Այս մոտեցումը թույլ է տալիս հանդիսատեսին կենտրոնանալ շոուի բովանդակության՝ գաղափարի, էմոցիայի և արվեստի վրա, այլ ոչ թե «աստղերի»։
Նման մոտեցումը հաջողությամբ կիրառվում է նաև աշխարհահռչակ Cirque du Soleil-ի նախագծերում, այդ թվում՝ «Crystal» սառցե շոուում։
Բեմադրության մեջ տեղ կգտնեն ինչպես մեծ խմբերի համաժամանակյա ելույթները, այնպես էլ առավել հուզական մենակատար ու զույգային համարները։ Երիտասարդ և պրոֆեսիոնալ արտիստների կատարմամբ երաժշտությունը կստանա նոր շարժում և բեմական կերպար՝ հանդիսատեսին հրավիրելով վերապրելու հայկական մշակույթի հարուստ ու բազմազան աշխարհը։