«Ես ո՞ւմ եմ նման». Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում
4 րոպեի ընթերցում

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը կհարստանա ևս մեկ հետաքրքիր ներկայացմամբ։
Բազմաժանր ներկայացումներով հայտնի թատրոնում այս անգամ դետեկտիվ է բեմադրվում. նոյեմբերի 12-ին և 19-ին Դրամատիկականի բեմում կլինի ամերիկացի նշանավոր դրամատուրգ Դոն Նիգրոյի «Դաժան գիշերվա քաղաքը» պիեսի հիման վրա բեմադրված «Ես ո՞ւմ եմ նման» ներկայացումը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն և ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը նշում է՝ պիեսն իրեն շատ է դուր եկել մի քանի պատճառով։ «Այն շատ կուռ, պինդ դրամատուրգիա ունի և դերասաններին հնարավորություն է տալիս բացահայտել իրենց մասնագիտական կարողությունները, ներուժը։ Սա այն դետեկտիվներից է, երբ դու մինչև վերջ չգիտես, թե ավարտն ինչպիսին է լինելու։ Պարզվում է՝ նման սցենարով ներկայացում խաղալը բավականին բարդ է։ Դերակատարն արդեն գիտի վերջաբանը, սակայն ստիպված է սկզբից հանդիսատեսի տրամաբանությամբ աշխատել, որպեսզի թատերասերը հայտնվի խաբկանքի մեջ»,-ընդգծում է Խաչատրյանը։
Ռեժիսորը կարծում է՝ կերպարները չափազանց հետաքրքիր են. երկու երիտասարդ տղամարդ, որ անցել են պատերազմի բովով, այժմ վերականգնողական շրջանում են։
«Քանի կա կինոն, դա բավականին հետաքրքիր նյութ է լինելու։ Պատերազմ անցած մարդու թեման գեղարվեստական կատեգորիա է դարձել։ Թատրոնում հաճախ չեմ հանդիպել այդ թեմային։ Շատ էի ցանկանում նման նյութի անդրադառնալ, անգամ մտածում էի՝ գուցե պիես գրվի այդ մասին։ Մենք էլ վերջին պատերազմից նոր ենք ցանկանում գլուխ բարձրացնել, և այդ թեման ինձ համար շատ կարևոր է։ Անհրաժեշտ էր արտահայտվել»,-ասում է Խաչատրյանն ու հավելում՝ ինտելեկտուալ, դետեկտիվ ժանրի գրականությունը ևս պետք է դառնա թատրոնի նյութ. չի կարելի բավարարվել միայն զավեշտով, կատակերգությամբ։
Նա չի ցանկանում շատ մանրամասնել հայտնել ներկայացման սյուժեի մասին, քանի որ վստահ է՝ այդ պարագայում դետեկտիվը չի կայանա։
Խոստովանում է՝ պիեսն իրեն ևս հնարավորություն է տվել նորովի ճանաչել այն դերասաններին, որոնց հետ վաղուց է աշխատում։ Դերակատարներից մի քանիսը նրա ուսանողներն են։
Ներկայացման մեջ զբաղված են Վլադիմիր Մսրյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Արմեն Մեսրոբյանը, Վահագն Սամվելյանը, Նարեկ Մարտիրոսյանն ու Էմմա Մանուկյանը։

«Այն, ինչ նրանք անելու են բեմում, երբևէ չեն արել, որովհետև այդ ժանրում երբևէ հանդես չեն եկել։ Հարց կարող է առաջանալ, թե ինչ տարբերություն սիրային պատմություն ես խաղում, թե՞ դետեկտիվ, թվացյալ նույն բանն է. դերասանը պետք է վեր կենա ու խաղա։ Այս դեպքում այդպես չէ. այստեղ իսկապես դերասանի այլ վարպետություն է հարկավոր։ Փորձեմ բացատրել. երբ Ռոմեոն բարձրանում է բեմ և ասում է, որ սիրում է Ջուլիետին, մենք հասկանում ենք նրա խնդիրը, պարզապես նա պետք է համոզի մեզ, որ սիրում է Ջուլիետին։ Դետեկտիվում խնդիրը համահունչ չէ հանդիսատեսի հետ։ Մարդասպանը չի եկել ու ասում, որ ինքն է հանցագործը, ուստի այստեղ այլ վարպետություն է հարկավոր»,-եզրափակում է Գրիգոր Խաչատրյանը։

Ներկայացումը ոչ միայն պատերազմից հետո վերածնվելու, այլև մարդկային հարաբերությունների ամենամութ ու խորհրդավոր շերտերի մասին է: Սիրային քառանկյունին հանդիսատեսին է ներկայանում նուար ֆիլմերին բնորոշ գեղագիտությամբ, նուրբ սարկազմով և դետեկտիվ ժանրին բնորոշ լարվածությամբ։ Այդ ամենը բեմադրությանը յուրահատուկ հմայք ու առեղծվածայնություն է հաղորդում։
