Մենք մեր երեխաներին պետք է ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե վրեժ. Ալեն Սիմոնյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանի երեխաներին խաղաղություն, այլ ոչ թե վրեժ ժառանգություն թողնելու և պատերազմելու առիթներ թույլ չտալու անհրաժեշտությունը երկրի անվտանգության կարևորագույն երաշխիքներից է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Հայաստանը ձգտում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ փոխարենը կենտրոնանալով սեփական հզորացման վրա։
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ բանակ, որը երկրի վրա ցանկացած հարձակում հակառակորդի համար կդարձնի ծայրահեղ ցավոտ։
«Ես կարծում եմ՝ մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումն այնքան ցավոտ լինի, որ հակառակորդն անգամ դրան գնալու կարիք չունենա։ Բայց եթե ավելի խորը նայենք, կարծում եմ՝ պետք է այնպես անել, որ միմյանց դեմ պատերազմելու առիթ ընդհանրապես չլինի։ Իսկ ինչո՞ւ մենք պետք է թուրքերի հետ պատերազմենք։ Եթե նրանք ցանկանան հարձակվել մեզ վրա, մենք չենք հասցնի հզորանալ։ Այն խաբկանքը, որով մեզ 70 տարի կերակրել են, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի, իրականության հետ որևէ կապ չունի»,-ասել է Սիմոնյանը։
Սիմոնյանն անդրադարձել է նաև TRIPP նախագծի նշանակությանը՝ ընդգծելով, որ խաղաղության կարևոր արտահայտումներից մեկը առևտուրն ու համատեղ շահերի ձևավորումն է։
«Խաղաղության հիմնական արտահայտումներից մեկը առևտուրն է և համատեղ շահեր ունենալը։ TRIPP-ը խաղաղության լավագույն արտահայտումներից մեկն էր։ Այն ունի նաև իր անվտանգային նշանակությունը։ TRIPP-ը հայ-ամերիկյան տնտեսական նախագիծ է։ Այսօր, երբ փաստացի պատերազմ է ԱՄՆ-ի և Իրանի միջև, նախագիծն անցնելու է Իրանի սահմանից մոտ 15 մետր հեռավորության վրա։ Ես ուզում եմ դրա դերն ու նշանակությունը դիտարկել ոչ միայն մեր տեսանկյունից, այլև համաշխարհային՝ ԱՄՆ-ի, Իրանի և ամբողջ տարածաշրջանի համատեքստում։ TRIPP-ի դերի և նշանակության թերագնահատումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Սա տնտեսական, դիվանագիտական նախագիծ է, խաղաղության գործիք։ Այն նաև տնտեսական առումով երաշխիք է»,-եզրափակել է Ալեն Սիմոնյանը։