Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովի միջև հանդիպումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ կողմերը ողջունել են hանձնաժողովների աշխատանքների վերսկսումը և ընդգծել պետական սահմանի սահմանազատման գործընթացի կարևորությունը՝ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։
«Կողմերը երկուստեք շահագրգռվածություն են արտահայտել շարունակական երկխոսության միջոցով և կառուցողական ոգով գործընթացն ավարտին հասցնելու հարցում։ Հանդիպման ընթացքում Կողմերը նաև մտքեր են փոխանակել իրավական շրջանակի, այդ թվում՝ նախկինում համաձայնեցված արձանագրությունների և հետագա հնարավոր լրացուցիչ քայլերի շուրջ, որոնք առավել կդյուրացնեն գործընթացի սահուն ընթացքը։Կողմերը քննարկել են նաև սահմանազատման գործընթացի շարունակականությանն ու հանձնաժողովների հետագա աշխատանքներին առնչվող հարցեր»,-հայտնում են նախարարությունից։