Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե
1 րոպեի ընթերցում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ առևտրատնտեսական և մարդասիրական հարցերով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը ներկայացրել է Վրաստանի հանրային հեռարձակողը։
«Մեր նպատակը հաղորդակցության ուղին ամրապնդելն է։ Մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով, այդ թվում՝ առևտրատնտեսական և մարդասիրական հարցերի շուրջ»,– ասել է վարչապետը։
Կոբախիձեն կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբիշվիլիի նշանակումը՝ նշելով, որ նա արդեն անցել է աշխատանքի։ Վարչապետի գնահատմամբ՝ այդ աշխատանքը շարունակվելու է և բերելու է գործնական արդյունքների։
Միաժամանակ Կոբախիձեն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ճանապարհին խոչընդոտը պահպանվում է։ Նա այն բնորոշել է որպես Վրաստանի տարածքի 20 տոկոսի օկուպացիա՝ հավելելով, որ այդ խոչընդոտի վերացման դեպքում Թբիլիսին պատրաստ կլինի երկխոսության։