Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե
2 րոպեի ընթերցում

Միջազգային գործակցության ամրապնդումը, ռեսուրսների մոբիլիզացումը և փորձի փոխանակումը էական նշանակություն ունեն կենսաբազմազանության արդյունավետ և կայուն պահպանությունն ապահովելու գործում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի բացմանն ունեցած ելույթում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ մինչև 2030 թվականը առաջնահերթություն պետք է լինի կենսաբազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած հանձնառությունները հստակ և տևական ձեռքբերումների վերածելը:
«Ցանկանում եմ հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը ՄԱԿ-ին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեզ «Առաջնորդներ հանուն բնության» խորագրի ներքո համախմբելու համար: Այս գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է ընձեռում վերահաստատելու մեր ընդհանուր պատասխանատվությունը և ամրապնդելու հավաքական հանձնառությունը բնության պաշտպանության գործում:
Վրաստանի բնական ժառանգությունը շարունակում է կարևոր դեր խաղալ երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում: Առողջ էկոհամակարգերը, կայուն գյուղատնտեսությունը ապահովում են մեր ջրային ռեսուրսները, ներգրավում այցելուների և հնարավորություններ ստեղծում փոքր բիզնեսի աճի ու զարգացման համար: Հետևաբար, դրանց պաշտպանությունը պարզապես բնապահպանական պատասխանատվություն չէ, այլ ներդրում՝ տնտեսական մրցունակության բարձրացման, աշխատատեղերի ստեղծման և երկարաժամկետ բարգավաճման համար:
Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար: Վրաստանը հանձնառու է աշխատել իր հարևանների հետ՝ այս ընդհանուր բնական ժառանգությունը պաշտպանելու համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի ղեկավարը նաև հավելել է, որ այս գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է ընձեռում ամրապնդելու հավաքական վճռականությունը՝ իրագործելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի նպատակները։