Հայաստանն ու Վրաստանը նախանշում են արդարադատության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ
7 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել արդարադատության ոլորտում համագործակցությունը՝ կարևորելով իրավական փոխօգնությունը, բարեփոխումների իրականացման փորձի փոխանակումը, թվային ծառայությունների զարգացումը, ինչպես նաև Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում կուտակված փորձի ուսումնասիրությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հարցերն առանցքային տեղ են զբաղեցնում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների 7-րդ իրավական ֆորումի օրակարգում։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամենամյա ֆորումը երկու երկրների գործընկերներին հնարավորություն է տալիս քննարկելու արդարադատության ոլորտում առկա մարտահրավերները, ինչպես նաև փոխանակելու բարեփոխումների իրականացման ընթացքում կուտակած փորձը։

«Յոթ տարիների ընթացքում արդեն հասցրել ենք հասկանալ, որ սա շատ արդյունավետ և կայացած հարթակ է մեզ հուզող հարցերի քննարկման և լուծումներ գտնելու համատեքստում։ Կարծում եմ՝ այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, ունենալու ենք հագեցած և կարևոր քննարկումներ, որոնց արդյունքում կնախանշենք նաև համագործակցության նոր ուղղություններ»,- ասաց Գալյանը։
Նախարարի խոսքով՝ այս տարի երկու երկրների հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների միջև կստորագրվի 2027-2028 թվականների համատեղ աշխատանքի ծրագիր։
Գալյանն ընդգծեց, որ փորձի փոխանակումն իրականացվում է ոչ միայն արդարադատության ոլորտում բարեփոխումների, այլև Եվրոպական միության հետ գործընկերության համատեքստում։

«Ինչպես գիտեք, մենք այս պահին վիզաների ազատականացման ծրագրի իրականացման շրջափուլում ենք գտնվում, և սրանք քայլեր են, որոնք մեր հարևան պետությունն արդեն վաղուց է ձեռնարկել։ Իհարկե, մեզ մշտապես հետաքրքրում է այն փորձը, որը մեր հարևան պետությունը կուտակել է նաև այս առումով»,- նշեց նախարարը։
Անդրադառնալով երկու երկրների միջև իրավական փոխօգնությանը՝ Գալյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում հայկական կողմը Վրաստանից ստացել է փոխադարձ իրավական օգնության շուրջ 18 հայցում։ Հայկական կողմը ևս բազմաթիվ գործերով փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել, որոնք հիմնականում վերաբերել են քրեական գործերին։ Երկու կողմերից ներկայացվել են նաև անձանց հանձնման վերաբերյալ խնդրանքներ։

«Կոնկրետ գործի մասով որևէ բան այս պահին նշել չեմ կարող, բայց կարող եք վստահ լինել, որ յուրաքանչյուր գործով, եթե այն վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, մենք ձեռնամուխ ենք լինում համապատասխան իրավական ընթացակարգերով այդ միջնորդությունները ներկայացնելուն»,- ընդգծեց Գալյանը։
Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան ևս կարևորեց երկու երկրների միջև քրեական իրավունքի ոլորտում ձևավորված սերտ համագործակցությունը՝ անդրադառնալով, մասնավորապես, կալանավորների արտահանձնման հարցերին։

«Ամեն տարի տեղի է ունենում կալանավորների փոխանակում։ Եվ սա ասում եմ՝ ընդգծելու համար, որ իրավական փոխօգնության ոլորտում մենք իսկապես սերտ համագործակցություն ունենք։ Մեր կառույցների միջև այս ուղղությամբ համագործակցությունն աշխատանքային կարևոր ուղղություններից մեկն է։ Կարծում եմ՝ այս առումով խնդիրներ չունենք»,- ասաց Սալիան։
Անդրադառնալով թվային փոխակերպմանը՝ Վրաստանի արդարադատության նախարարը նշեց, որ իր երկրի արդարադատության նախարարությունը պետական և ոչ պետական ծառայությունների խոշորագույն մատակարարն է։ Նա առանձնացրեց Վրաստանում գործող Արդարադատության տների հայեցակարգը, որն աշխարհում առաջատարներից է և օրինակ է ծառայել բազմաթիվ երկրների համար։ Այժմ առաջնահերթություններից է այդ ծառայությունների մատուցումը թվային ուղիներով։
«Այս ուղղությամբ հետաքրքիր կլինի ծանոթանալ ձեր երկրի փորձին։ Մեզ համար շատ հետաքրքիր կլինի նաև իմանալ, թե ինչ թվային ծառայություններ են արդեն ներդրված ձեր երկրում՝ լինեն դրանք պետական ծառայություններ, թե մասնավոր հատվածի ծառայություններ»,- ընդգծեց Վրաստանի արդարադատության նախարարը։
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին շնորհավորեց Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարություններին՝ երկխոսության և համագործակցության այս կարևոր հարթակի շարունակականությունն ապահովելու գործում առաջնորդող դերակատարության համար։

Նա ընդգծեց, որ ՄԱԶԾ-ն տարիներ շարունակ աջակցել է այս նախաձեռնությանը՝ նպաստելով երկու երկրների քաղաքականություն մշակողների, ոլորտի մասնագետների և փորձագետների համախմբմանը՝ արդարադատության ոլորտում համագործակցությունն ու բարեփոխումներն առաջ մղելու նպատակով։
«Այս ֆորումի առանձնահատուկ արժեքն այն է, որ այն դուրս է գալիս կարծիքների փոխանակման շրջանակից։ Այն հնարավորություն է ստեղծում սովորելու միմյանցից, փոխանակելու գործնական փորձը և առաջ մղելու այնպիսի բարեփոխումներ, որոնք ամրապնդում են ինստիտուտները և հնարավորություն տալիս ավելի լավ ծառայելու մարդկանց»,- նշեց Սոկուլսկին։
Նրա խոսքով՝ հանրային ինստիտուտներից մարդկանց ակնկալիքներն այսօր աճում են։ Քաղաքացիները ցանկանում են ստանալ արդար, հասանելի և իրենց կարիքներին արձագանքող ծառայություններ, վստահ լինել, որ իրենց իրավունքները պաշտպանված են, իսկ ինստիտուտները գործում են թափանցիկ և արդյունավետ։
«Անկախ նրանից՝ քննարկում ենք մարդու իրավունքները, տվյալների պաշտպանությունը, պրոբացիան և վերականգնումը, թե թվային փոխակերպումը, ընդհանուր նպատակը հստակ է՝ ձևավորել մարդակենտրոն արդարադատության համակարգեր, որոնք հասանելի, արդյունավետ և ներառական են»,- ընդգծեց նա։
Սոկուլսկին կարևորեց նաև տարածաշրջանային համագործակցությունը՝ նշելով, որ գործընկերների միջև փորձի նման փոխանակումն ամրապնդում է ինստիտուտները և նպաստում էական բարեփոխումների արագացմանը։
Սոկուլսկին վստահեցրեց, որ երկօրյա քննարկումները կնպաստեն արժեքավոր գաղափարների ձևավորմանը, մասնագիտական գործընկերության ամրապնդմանը և երկու երկրներում առավել արդյունավետ ու վստահություն վայելող արդարադատության համակարգերի կայացմանը։