Վարչապետն առաջարկում է սոցիալական կրեդիտները վերաբաշխել հօգուտ ցածր եկամուտ ունեցողների
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է վերանայել սոցիալական ծախսերի փոխհատուցման՝ սոցիալական կրեդիտների տրամադրման մոտեցումը՝ բարձր եկամուտ ունեցողների փոխհատուցումը որոշակիորեն նվազեցնելով և միջոցներն ուղղելով ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարել է ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստում։
«Հիմա մենք համընդհանուր բոլորին նույն չափի սոցիալական կրեդիտ ենք տալիս։ Տասը միլիոն դրամ աշխատավարձ ստացողներին էլ ենք նույն չափի սոցիալական կրեդիտ տալիս, հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացողներին էլ ենք նույն չափի սոցիալական կրեդիտ տալիս։ Իմ համոզմունքն այն է, որ մենք այստեղ պետք է որոշակի վերահասցեագրումներ անենք»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ փոփոխության չափերն ու մանրամասները դեռ քննարկման հարց են, սակայն մոտեցումը պետք է բխի սոցիալական քաղաքականության նպատակներից։
«Իհարկե, չափերը, մանրամասները ուրիշ խնդիր են, բայց իմ կարծիքով՝ մենք պիտի տասը միլիոն դրամ աշխատավարձ ստացողների սոցիալական կրեդիտները որոշակիորեն կրճատենք, որովհետև նրանք այդ սոցիալական կրեդիտի կարիքն առնվազն այդքան շատ չեն զգում։ Այդ գումարը պետք է վերաուղղենք հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացողներին»,-նշել է կառավարության ղեկավարը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ նախարարության առաջարկներով նախագիծն արդեն պատրաստ է։
«Նախագիծը պատրաստ է՝ մեր առաջարկներով։ Ես առաջիկայում կզեկուցեմ մեր պատկերացումները, և կառավարությունում քննարկումից հետո կբերենք հաստատման։ Նպատակ ունենք այն հաստատել արդեն հունվարի մեկից, այսինքն՝ հաջորդ տարվա հայտարարագրի շրջանակներում դա արդեն կգործի»,-ասել է նախարարը։