Տնտեսություն

Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը երկարաձգվել է մինչև 2027 թվականի ավարտը

2 րոպեի ընթերցում

Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը երկարաձգվել է մինչև 2027 թվականի ավարտը

ՀՀ կառավարությունը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել է կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների դիմաց հետվճար տրամադրելու ծրագիրը։ Պահպանվում են հետվճարի գործող պայմանները՝ համապատասխան անկանխիկ գործարքների գումարի 20 տոկոսը, բայց ամսական առավելագույնը՝ 10 հազար դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստում։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ նոյեմբերին ծրագրից օգտվողների թիվը հասել է շուրջ 578 հազարի, իսկ հետվճարի միջին չափը՝ շուրջ 8200 դրամի։

«Տարվա սկզբին մենք ունեցել ենք 415 հազար շահառու, և միջին չափը եղել է 6900 դրամ։ Այսինքն՝ մենք կտրուկ աճ ունենք այս տարվա ընթացքում։ Խոսքը, փաստորեն, 150 հազարից ավելի քաղաքացիների է վերաբերում, և, իհարկե, այդ գործընթացը շարունակվում է»,-նշել է նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ ծրագրի ֆինանսավորման համար հաջորդ տարի նախատեսվում է շուրջ 60 միլիարդ դրամ։

«Այս տարի ծախսել ենք մոտ 42 միլիարդ դրամ արդեն հետվճարի վրա։ Իհարկե, դեռ կշարունակենք ծախսել, որովհետև տարին չի ավարտվել։ Իսկ մյուս տարվա համար բյուջեում պլանավորել ենք մոտ 60 միլիարդ դրամ։ Էական ավելացում է կենսաթոշակներ և նպաստներ ստացող մեր քաղաքացիների եկամուտներում»,-ասել է նա։

Նախարարը ծրագրի շարունակումը կարևորել է նաև հետագա տարիների համար՝ բացատրելով, թե ինչու է այս որոշմամբ ժամկետը երկարաձգվում մեկ տարով։

«Հաջողված ծրագիր է, նաև դրանով է պայմանավորված մեր առաջարկը՝ շարունակելու։ Իհարկե, հետագայում նույնպես կքննարկենք՝ մյուս տարիներին, բայց որոշումը հիմա ընդունենք մեկ տարվա համար, որովհետև նաև ընթացքում կարող ենք այլ փոփոխություններ անել, որոնք կբարելավեն ծրագիրը»,-ընդգծել է Թորոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում