Սոցիալական հարցեր

Թաղման նպաստների վճարման կարգում փոփոխություններ չեն լինի. Արսեն Թորոսյան

3 րոպեի ընթերցում

Թաղման նպաստների վճարման կարգում փոփոխություններ չեն լինի. Արսեն Թորոսյան

Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ թաղման նպաստների վճարման կարգում փոփոխություններ չեն լինի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորոսյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Գիտեք, որ վերջին շրջանում մենք որոշ նախաձեռնություններ ունեինք օրենսդրական փոփոխությունների, և դրանցից մեկը նաև թաղման նպաստի շահառուների ցանկի վերանայումն էր՝ այն ավելի հասցեական դարձնելու նպատակով։

Ուզում էի տեղեկացնել, որ մենք նայել ենք, հետևել ենք հանրային արձագանքներին, ինչպես նաև անցյալ «Քաղաքացիական պայանագիր խմբակցության» մեր գործընկերների հետ քննարկումներ ենք ունեցել Ազգային ժողովում և որոշում ենք կայացրել այդ մասով մեր նախաձեռնությունն առաջ չտանել, այսինքն՝ որևէ փոփոխություն չիրականացնել։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով կստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ, այսինքն՝ այս մասով որևէ փոփոխություն չի նախաձեռնվի և այն նախագիծը, որը մենք դրել էինք հանրային քննարկման, Ազգային ժողով չի ուղարկվի»,- հայտարարել է Թորոսյանը։

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն ավելի վաղ նախագիծ էր շրջանառել, որով առաջարկում էր այսուհետ ոչ բոլոր խմբերին տրամադրել թաղման նպաստ, փոխարենը հատկացվող գումարներն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը: Փոփոխությունը նախատեսվում էր գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից: ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ թաղման նպաստի վերանայման արդյունքում խնայված միջոցներին կավելացվի ևս 5.5 մլրդ դրամ՝ կենսաթոշակները բարձրացնելու համար: Նախատեսվում էր նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 1000 դրամով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը պարզաբանել է, որ թաղման նպաստները վերանայելու որոշումից հրաժարվելու որոշումից բխում է, որ չեն բարձրացվի նաև կենսաթոշակները. 

«Եթե մենք թաղման նպաստներն ավելի թիրախային էինք տալիս, բնականաբար, բյուջետային միջոցներ էին ազատվում, և այդ միջոցները պետք է ուղղվեին կենսաթոշակների բարձրացմանը, բայց հիմա, եթե չենք, փոխում, բնականաբար, բյուջետային միջոցներ չեն ազատվում և չեն կարող ուղղվել այդ բարձրացմանը»,- նշեց Կոստանյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում