Վարչապետը մտահոգություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերում կառուցված տների հնարավոր դատարկ մնալու առնչությամբ
3 րոպեի ընթերցում

Սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ կառուցվող տների օգտագործումը պետք է մշտադիտարկվի՝ պարզելու, թե դրանք որքանով են ծառայում ծրագրի նպատակներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի քննարկման ընթացքում։
Նրա խոսքով՝ Կառավարությունը չի կարող պարզապես դիտորդի դիրքից հետևել դատարկ տների հնարավոր երևույթին։
Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար գործող 16 միլիոն դրամի աջակցության ծրագրին՝ վարչապետը նշել է, որ քաղաքացիների նամակների հետքերով կատարված ուսումնասիրություններում առկա են առանձին ազդակներ, որոնք կարող են մատնանշել դատարկ տների խնդիր։
Նրա խոսքով՝ սկզբնական մոտեցմամբ հաշվի էր առնվել, որ ծրագրից օգտվողներից ոչ բոլորը կարող են տվյալ բնակավայրի մշտական բնակիչ դառնալ, սակայն ակնկալվել էր, որ ներդրումը գոնե որոշակի տնտեսական գործունեություն կամ ակտիվություն կբերի բնակավայր։
Փաշինյանը կարևորել է տների օգտագործման և տնտեսական ակտիվության օբյեկտիվ ցուցանիշների միջոցով իրավիճակը գնահատելը։
«Մենք գնալու ենք որոշումների և որոշակի լուծումների, որովհետև հանրային միջոց է ներդրվել, և մենք պետք է համոզված լինենք, որ այդ միջոցը ծառայում է իր նպատակներին։ Ես ուզում եմ՝ այս ուղերձը շատ հստակ լինի, հարգելի մարզպետներ, ում ղեկավարած մարզերում այդ ծրագիրն իրականացվել է»,- ասել է վարչապետը։
Բազմազավակ ընտանիքների նոր ծրագրի համատեքստում Փաշինյանն առաջարկել է քննարկել բնակարանային աջակցությունը նորակառույց դպրոցների և մանկապարտեզների հնարավորությունների հետ կապելու լրացուցիչ խթաններ։
Նա նշել է, որ կան նորակառույց կրթական հաստատություններ, որտեղ սովորողների թվի խնդիր է առաջանում։ Վարչապետի գնահատմամբ՝ բնակարանային աջակցության ծրագիրը կարող է նպաստել նաև երեխաների կրթության պայմանների բարելավմանը։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է, որ ծրագրի մշակման ընթացքում այդպիսի տարբերակներ քննարկվել են։ Նրա խոսքով՝ մինչև նոր ծրագրի ուժի մեջ մտնելը գործընկերների հետ կդիտարկվեն նորակառույց դպրոցների մոտ բնակարան կամ տուն ձեռք բերելը խրախուսող հնարավոր լուծումները։