Հայաստան

Բեռնատարը ՀՀ հաշվառում և պետհամարանիշներ չունի․ ՀՀ ՏԿԵ նախարարն Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած վթարի մասին

2 րոպեի ընթերցում

Բեռնատարը ՀՀ հաշվառում և պետհամարանիշներ չունի․ ՀՀ ՏԿԵ նախարարն Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած վթարի մասին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է Ուշիի հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ մամուլում շրջանառվող պնդումներին՝ դրանք անվանելով ակնհայտ քաղաքական շահարկումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով ընդգծել է, որ վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված և կահավորված ճանապարհային երթևեկության նշաններով։

«Դա ակնհայտ է նաև դեպքի վայրից հրապարակված տեսանյութերում և լուսանկարներում։

Ինչ վերաբերում է բեռնատարի տեխզննման հարցին, ապա սխալ պնդում անելուց առաջ, օրինակ, կարելի էր ճշտել՝, արդյոք ՀՀ-ում է գրանցված տվյալ փոխադրամիջոցը և ունի՞ ՀՀ հաշվառման համարանիշներ։ Վթարից վթար ճանապարհային «փորձագետ» դարձողներին կոչ եմ անում չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկատվություն»,– գրել է Խուդաթյանը՝ շեշտելով, որ բեռնատարը ՀՀ հաշվառում և ՀՀ պետհամարանիշներ չունի, հետևաբար ՏԿԵՆ-ի լիազորությունների տիրույթից դուրս է տվյալ փոխադրամիջոցի տեխզննման հարցը։

ՀՀ ՏԿԵ նախարարը ցավակցություն է հայտնել վթարի զոհերի հարազատներին։

Նոյեմբերի 3-ին Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, չորս ավտոմեքենայի բախման հետևանքով ինը մարդ մահացել է, 3-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ ողբերգական ավտովթարի վերաբերյալ պարեկային ծառայողների նախնական գնահատականը մեքենայի արգելակման հնարավոր խնդրին է առնչվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում