Քաղաքականություն

Կառավարությունն առաջարկում է նոյեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ ԹՐԻՓՓ-ին առնչվող օրենսդրական փաթեթով

3 րոպեի ընթերցում

Կառավարությունն առաջարկում է նոյեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ ԹՐԻՓՓ-ին առնչվող օրենսդրական փաթեթով

Կառավարությունն առաջարկում է նոյեմբերի 12-ին, ժամը 11։00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման համար նախատեսված ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։

Արտահերթ նիստի առաջարկվող օրակարգում ընդգրկված է յոթ օրենքների նախագծերից բաղկացած փաթեթ, որը նախատեսվում է քննարկել առաջին և երկրորդ ընթերցումներով։

Փաթեթով առաջարկվում է ստեղծել ընդհանուր և մշտապես գործող օրենսդրական մեխանիզմ՝ Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա և դրանց իրագործման նպատակով ստեղծվող ընկերությունների համար։ Այն կկիրառվի այն ընկերությունների նկատմամբ, որոնցում պետության մասնակցությունը կազմում է 25 և ավելի տոկոս։

Արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը Կառավարությունը կապել է հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի ընդունած՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հետ։

Որոշման հիմնավորման համաձայն՝ վավերացումից հետո մեկնարկելու են նախագծի իրականացման համար նախատեսված ընկերության հիմնադրման աշխատանքները։ Դրանք շրջանակային համաձայնագրին համապատասխան իրականացնելու համար անհրաժեշտ է փոփոխել «Բաժնետիրական ընկերությունների մասին» և հարակից օրենքները։

Փաթեթում ներառված են նաև Քաղաքացիական օրենսգրքում, «Գնումների մասին», «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին», «Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «Սնանկության մասին» օրենքներում և Սնանկության օրենսգրքում լրացումներ նախատեսող նախագծերը։

Կառավարությունն առաջարկում է կիրառել քննարկման հատուկ ընթացակարգ․ երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Գրավոր առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացություն ներկայացնելու համար առաջարկվում է սահմանել երեքական ժամ։

Արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել  արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում