Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը
6 րոպեի ընթերցում

Հայաստանի ընդդիմադիր դաշտի մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են համազգային համախմբման մասին՝ չնայած իրենց միջև առկա քաղաքական տարաձայնություններին։ Նոյեմբերի 4-ի երեկոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցած հանդիպումից հետո 13 քաղաքական ուժեր հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ նախանշելով այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պատրաստվում են միավորել իրենց ջանքերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի ձերբակալությունից ժամեր անց։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը նոյեմբերի 4-ին ձերբակալվել էր, իսկ նոյեմբերի 5-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Կարապետյանը և ևս 35 անձ մեղադրվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, վստահված գույքը հափշտակելու և փողերի լվացման գործով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ընկերությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 64 միլիարդ 585 միլիոն դրամ։
Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչների և ընդդիմադիր այլ գործիչների մասնակցությամբ քննարկման արդյունքում ընդունված հայտարարության մեջ ընդգծվում է, որ «քաղաքական ուժերը, գիտակցելով Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները, պատրաստ են մի կողմ դնել մի շարք տարաձայնություններ և համախմբվել ընդհանուր նպատակների շուրջ»։ Հայտարարության հեղինակները նշում են, որ միավորում են իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Նրանք նաև կոչ են արել մյուս քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին միանալ նախաձեռնությանը։
Ընդդիմադիրների համախմբման մասին հայտարարությանն արձագանքել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։
Իշխող ուժից հայտարարությանն առաջիններից մեկն արձագանքել է Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ «Պաշտոնապես հայտարարում եմ՝ էս ձևավորված չգիտեմ ինչի անունը, բացի «Սերժի ճակատից», ցանկացած ուրիշ բան դնելը հանցագործություն է։ Քաղաքական ու քաղաքագիտական հանցագործություն։ Փաստացի Սամվել Կարապետյանի տանը՝ Կարապետյանները, ՀՀԿ-ն, Քոչարյանը, ԼՏՊ-ն ու մնացածը ձևավորեցին «Սերժի ճակատը»՝ ՍՃ։ Շնորհավորում եմ գործընկերներիս այս փայլուն ձեռքբերման համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեքսանյանը։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն էլ հեգնել է՝ անհամբեր սպասում է, թե երբ է համախմբված ընդդիմությունը փողոցային շարժում սկսելու։
«Սամվել Կարապետյանի տանը քաղաքական պանիխիդա է, հավաքվել են քաղաքական դիակները։ Անհամբեր սպասում եմ, թե երբ են փողոցային շարժում սկսելու ու իշխանություն զավթելու, իրենց ասելով 50+ տոկոս ձայն ունեն»,- գրել է Չախոյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, անդրադառնալով ընդդիմության հայտարարությանը, նշել է, թե ընդդիմությունը նվեր է իշխող ուժի համար։ «Գրողը տանի, դուք նվեր եք, նվեր... Կոչ եմ անում բոլոր երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, Հայաստանում «ծնված» տղաներին և աղջիկներին. մտեք մեծ քաղաքականություն, զբաղվեք ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ: Սենց չի լինի...»,- գրել է պատգամավորը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վոլոդյա Հակոբյանն էլ հեգնել է, թե ընդդիմադիր ուժերի հանդիպումից բացակայում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ու Հանրային խորհրդի նախկին նախագահ, «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր նախաձեռնության առաջնորդ Վազգեն Մանուկյանը։ «Բա Էդմոն Մարուքյանը, Վազգեն Մանուկյանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հակոբյանը։
Ընդդիմադիր 13 քաղաքական ուժերի ընդունած համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
«Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները»,- ասված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիր ուժերը որպես համախմբման առաջնահերթություններ առանձնացրել են չորս ուղղություն՝ «Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում»։
Հայտարարության ստորագրողների թվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, «Հայաքվե» նախաձեռնությունը, «Ապրելու երկիր», «Ժառանգություն», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան» և այլ քաղաքական ուժեր։