Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում
5 րոպեի ընթերցում

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման յոթնամյա ծրագրով նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում՝ պետական և մասնավոր համաֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում կստեղծվի երկու ռոբոտաշինական լաբորատորիա, կներգրավվեն միջազգային գիտնականներ, կզարգանան բուհերի կրթական և հետազոտական կարողությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության ծրագիրը։ Այն ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ֆիզիկական արհեստական բանականությունը ռոբոտաշինության և արհեստական բանականության հատման ուղղություն է․ այն ներառում է ֆիզիկական միջավայրն ընկալելու, որոշումներ կայացնելու և գործողություններ կատարելու ունակ համակարգերի մշակումը։
Ծրագրի հիմնական շահառուներն են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Այն կիրականացվի Հայ մշակութային և գիտական ընկերակցության՝ ASOF-ի հիմնադրած «Բա-ԳԻՆ գիտությունների և արհեստական բանականության կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ։
«Ծրագրի յոթ տարիների իրականացման արդյունքում նախատեսում ենք, որ առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում կարվի, որի կեսը կարվի պետության կողմից, կեսը՝ մասնավորի կողմից։ Յոթ տարվա ընթացքում բուհերում կձևավորվի մշտական գիտական միջուկ՝ առնվազն երեք երկարաժամկետ ավագ գիտնականների, 12-ից ավելի հետդոկտորական հետազոտողների և 60-ից ավելի կարճաժամկետ հրավիրյալ գիտնականների միջոցով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի ներկայացմամբ՝ կվերազինվի Պոլիտեխնիկական համալսարանի խելացի համակարգերի և առաջադեմ կառավարման լաբորատորիան՝ վերածվելով ֆիզիկական արհեստական բանականության հետազոտական լաբորատորիայի։ Երկրորդ լաբորատորիան կձևավորվի գործընկեր բուհերից մեկում։
Ծրագրի ամբողջական գործարկման փուլում նախատեսվում է միաժամանակ ներգրավել 15 հետազոտող՝ երեք ավագ գիտնական, երեք հետդոկտորական հետազոտող և ինը ասպիրանտ կամ մագիստրանտ։
Առաջին տարվա համար պետական ֆինանսավորումը նախատեսված է շուրջ 168 միլիոն 444 հազար դրամի չափով։
«Սա առավելապես կուղղվի գիտնականների վարձատրության բազային մասին։ Մասնավոր միջոցները կլրացնեն այդ բազային մասը՝ միջազգայնորեն մրցունակ վարձատրության չափի։ Ոչ պետական աղբյուրները ժամանակի ընթացքում նաև կդիվերսիֆիկացվեն՝ անցում կատարելով ինչպես միջազգային դրամաշնորհների, այնպես էլ էնդաումենթի եկամուտներին»,-ասել է նախարարը։
Հաստատված ծրագրով պետական համաֆինանսավորման առավելագույն չափը յոթ տարվա համար սահմանվել է 7 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ոչ պետական աղբյուրներից այդ չափը գերազանցող գումարների ներգրավումը պետական բյուջեի համար լրացուցիչ համաֆինանսավորման պարտավորություն չի առաջացնի։
Անդրեասյանի ներկայացմամբ՝ յոթնամյա ժամանակահատվածում ակնկալվում է ռոբոտաշինության և արհեստական բանականության ուղղություններով ունենալ շուրջ 330 շրջանավարտ՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտական մակարդակներում։ Ծրագրով մշակված դասընթացներին մասնակցությունն անվճար կլինի ընդունելության չափանիշներին համապատասխան ընտրված անձանց համար՝ առկա տեղերի սահմաններում։
Ակնկալվող արդյունքների թվում են նաև միջազգային առաջատար պարբերականներում և գիտաժողովներում ավելի քան 20 հրապարակումը, առնվազն երկու գյուտի արտոնագիրը, երկու խոշոր դրամաշնորհի ներգրավումը և առնվազն հինգ ստարտափ կամ հետազոտությունների արդյունքներից ստեղծված ընկերության ձևավորումը։
Նախարարը շեշտել է, որ ծրագիրն ուղղված է նաև բուհերում գիտական հետազոտությունների ակտիվացմանը և համալսարանների միջազգային վարկանիշի բարձրացմանը։
«Բարձրագույն կրթությունը պետք է անջատ չլինի գիտությունից, և հենց այստեղ է, որ պետք է զարգանան հետազոտական կարողությունները։ Այս ծրագիրը գալու է նպաստելու նաև այս ուղղությամբ մեր ռազմավարական անելիքին»,-նշել է Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունը միաժամանակ պետք է ամրապնդի գիտության, արտադրության և տնտեսության կապը՝ նպաստելով գիտելիքի առևտրայնացմանը։