Թվային ինտեգրումից մինչև ԱԲ. ինչպես է ՊԵԿ-ը փոխում հարկային և մաքսային միջավայրը
11 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկային և մաքսային համակարգերի խորքային արդիականացումը՝ համադրելով թվայնացումը, միջազգային ինտեգրումը և արհեստական բանականության կիրառումը։ Այս գործընթացների նպատակն է ձևավորել արագ, կանխատեսելի և վստահելի միջավայր, որը կնպաստի բիզնեսի զարգացմանը և կբարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը։
Doing Digital Forum-ի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է հինգ հարց, որոնց պատասխանում է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով իրականացվող բարեփոխումների բովանդակությանը և ակնկալվող արդյունքներին։
-ՊԵԿ-ը ներկայում թևակոխել է մի փուլ, որտեղ ակտիվորեն աշխատում է այլ երկրների հետ հարկային և մաքսային համակարգերի թվային ինտեգրման ուղղությամբ։ Գործնականում ի՞նչ է ենթադրում այս գործընթացը, ո՞ր երկրներն են առաջնահերթ թիրախում և ի՞նչ վերջնարդյունք է ակնկալվում:
-Հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման գործընթացը վերջին տարիներին, իսկ 2025 թվականից առավելապես, իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ դառնալով ավելի արագ և օպերատիվ։ Գործարկվել է նաև հատուկ կոդավորված համակարգ Ռուսաստանի Դաշնության հարկային մարմնի հետ, որը նախատեսվում է կիրառել ԱՊՀ երկրների շրջանակում։
Միաժամանակ, որպես միջազգային կառույցների անդամ, Հայաստանը համապատասխանեցրել է տեղեկությունների փոխանակման համակարգերը միջազգային ստանդարտներին՝ ապահովելով դրանց անվտանգությունն ու վստահելիությունը։ 2025 թվականին այս ուղղությամբ աշխատանքներն ավարտվել են բարձր գնահատականով, ինչը էապես բարձրացրել է Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ հեղինակությունը:
Հաջողությամբ իրականացվել է նաև ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի թվայնացումը, որը ևս համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ 2025 թվականին ավտոմատ տեղեկությունների փոխանակում է տեղի ունեցել 47 երկրների հետ:
Հարկային համակարգերի թվային ինտեգրման ուղղությամբ նախատեսվում է ստեղծել տնտեսվարող սուբյեկտների միջև միջսահմանային առևտրի շրջանակում փաստաթղթերի փոխանակման միասնական ինտեգրված համակարգ։ Անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց փոխանակումը լիովին կավտոմատացվեն և կվերածվեն էլեկտրոնային ձևաչափի։ Ըստ էության, կստեղծվի փոխանակվող փաստաթղթերի միասնական շտեմարան։ Համակարգը նախատեսվում է ստեղծել ԵԱՏՄ անդամ երկրների համար, հետագայում հնարավոր է այլ երկրների մասնակցությունը։
Թվային ինտեգրումը «թվային մաքսատան» մոդելի առանցքային բաղադրիչն է և ենթադրում է ոչ թե պարզապես թղթային գործընթացների թվայնացում, այլ պետությունների միջև տվյալների «կենդանի» սինխրոնիզացիա։ Սա հնարավորություն է տալիս ռիսկերի գնահատումն իրականացնել մինչև բեռի սահման հասնելը, ինչի արդյունքում բարեխիղճ տնտեսվարողները սահմանային անցումն իրականացնում են րոպեների ընթացքում։
Մաքսային տեղեկատվության ինտեգրման մասով նախատեսվում է արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) գործարքների վերաբերալ ձևակերպել և տրամադրել նախնական տեղեկատվություն՝ հետագա ձևակերպումներն առավել արագ և արդյունավետ կատարելու նպատակով։ Այս գործընթացում առաջին հերթին նախատեսվում է ներառել Հայաստանի հարևան՝ Վրաստանի և Իրանի մաքսային ծառայությունները, որոնց հետ ունենք ցամաքային սահմաններ։ Հետագայում գործըթացը հնարավոր է տարածել նաև ցանկացած օդային ճանապարհով իրականացվող ԱՏԳ-ի վրա։
-Միջազգային հարկման թափանցիկության բարձրացումը հաճախ ընկալվում է որպես մարտահրավեր բիզնեսի համար: Ձեր կարծիքով, ի՞նչ առավելություններ կստանան օրինապահ հարկատուները և օտարերկրյա ներդրողներն այս բարեփոխումների արդյունքում, և ինչպե՞ս է սա փոխում Հայաստանի գրավչությունը։
-Ժամանակակից բիզնես միջավայրում մրցունակությունը հնարավոր չէ առանց միջազգային կանոնների ընդունման։ Հայաստանը հետևողականորեն զարգացնում է հարկային համակարգը՝ ընդլայնելով կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերը, կիրառելով տրանսֆերային գնագոյացման մեխանիզմներ և ներդնելով հարկային վեճերի կարգավորման միջազգային չափանիշներին համահունչ գործիքներ։ Կնքվել է նաև նախնական գնագոյացման առաջին պայմանագիրը, որը համարվում է հարկային թափանցիկության կարևոր լծակներից մեկը։ Այս ամենն ստեղծում է կանխատեսելի և վստահելի միջավայր, բարձրացնում երկրի ներդրումային գրավչությունը և ապահովում հստակ «խաղի կանոններ» բիզնեսի համար։ Կարևոր ուղղություն է նաև ԵԱՏՄ երկրների հետ փոխճանաչելիության զարգացումը, որը նպաստում է ներմուծման և արտահանման գործընթացների պարզեցմանը։
-Մաքսային ոլորտի թվայնացումը ենթադրում է սահմանային անցման գործընթացների էական արագացում: Որո՞նք են այն կոնկրետ թվային գործիքները կամ լուծումները, որոնք առավելագույնս կկրճատեն բիզնեսի ժամանակային և ֆինանսական ծախսերն արտաքին առևտրի շրջանակում:
-Մաքսային ոլորտի թվայնացումը թույլ է տալիս արագացնել սահմանային և մաքսային ձևակերպման բոլոր գործընթացները, նվազեցնել բիզնեսի ժամանակային և ֆինանսական ծախսերը, և ապահովել գործընթացների առավել կանխատեսելիություն։ ՀՀ ՊԵԿ-ը ներդրել է և նախատեսում է իրականացնել մի շարք թվային լուծումներ, որոնք ամբողջությամբ ծածկում են գործընթացային շղթան՝ սկսած նախնական տեղեկությունների ստացումից մինչև բեռի բացթողում: Այդ լուծումներից է «Single Window» (Միասնական պատուհան) համակարգը, որը հնարավորություն է տալիս բիզնեսին մեկ հարթակում ներկայացնել բոլոր անհրաժեշտ տվյալները տարբեր պետական մարմիններին։
Նախատեսվում է ներդնել նաև Նախնական տեղեկատվության համակարգ (Pre-arrival processing), որը թույլ է տալիս բեռի վերաբերյալ տվյալները ներկայացնել մինչև սահման հասնելը։
Լուծումներից են Ռիսկերի կառավարման AI/ML համակարգերը, միասնական մաքսային հաշիվը, որը թույլ է տալու իրականացնել բոլոր մաքսային վճարումները մեկ հաշվին՝ օնլայն եղանակով:
Հաջորդը՝ ցամաքային անցման կետերի գործառնությունների ամբողջական թվայնացումն է, որի շրջանակում նախատեսվում է սահմանային գործընթացների ավտոմատացում՝ տրանսպորտային միջոցների ավտոմատ նույնականացում, կշռման և սկանավորման համակարգերի ինտեգրում, տվյալների ավտոմատ փոխանակում այլ պետական մարմինների հետ:
ՀՀ-ից ելքի ուղղությամբ հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ (e-Queue) ևս լուծումների շարքում է, որի ներդրման արդյունքում նախատեսվում է վերացնել ՀՀ-ից ելքի ուղղությամբ հնարավորը կուտակումներն ու հերթերը, բարձրացնել գործընթացի կանխատեսելիությունը:
Այս լուծումների համակցումը վստահ եմ ապահովելու է ամբողջ գործընթացի արագացում, պարզեցում և արդյունավետ կառավարում` առավելագույնս կրճատելով նաև բիզնեսի ժամանակային և ֆինանսական ծախսերը:
-ՊԵԿ-ն արդեն կիրառում է ԱԲ գործիքակազմ հարկային վարչարարությունում, և նախատեսվում է դրա ներդրումը նաև մաքսային հատվածում։ Ինչպիսի՞ արդյունքներ են արդեն արձանագրվել, և կոնկրետ ո՞ր խնդիրների լուծմանն է ուղղված լինելու ԱԲ-ն մաքսային գործընթացներում։
-ԱԲ գործիքներն արդեն կիրառվում են հարկային վարչարարությունում՝ ռիսկային հարկ վճարողներին բացահայտելու համար։ Համակարգը վերլուծում է մեծ տվյալներ և հայտնաբերում անոմալիաներ, որոնք հիմք են հանդիսանում ստուգումների պլանավորման համար։ Մաքսային ոլորտում նախատեսվում է ներդնել «խելացի» ռիսկերի համակարգ, որը կվերլուծի ոչ միայն գործարքը, այլև տնտեսվարողի ամբողջ պատմությունը։ ԱԲ-ն կօգտագործվի նաև կանխարգելիչ նպատակով՝ նախապես հուշելով հնարավոր սխալների և ռիսկերի մասին, ինչպես նաև կկիրառվի ռենտգեն պատկերների վերլուծության մեջ։
-Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է իրականացնի տեխնոլոգիական և լոգիստիկ հանգույց դառնալու համար, և ո՞րն է ՊԵԿ-ի դերը։
-Վերջին շրջանում ՊԵԿ-ն արդեն իրականացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ՝ ինքնաշխատ մաքսային բացթողում, էլեկտրոնային ծանուցումներ, արտահանման 24/7 ռեժիմ և ռիսկերի կառավարման համակարգերի համապարփակ արդիականացում։ Նախատեսվող մաքսային թվային բարեփոխումների մասին արդեն իսկ ներկայացրեցի նախորդ հարցերի ընթացքում։ Առաջիկայում Երևանում և Սյունիքում կստեղծվեն մաքսային և լոգիստիկ կենտրոններ, որոնք կմիավորեն բոլոր ծառայությունները մեկ վայրում և կկրճատեն մաքսազերծման ժամանակը։ Զուգահեռաբար արդիականացվում են Ագարակի և Բագրատաշենի անցակետերը՝ բարձրացնելով դրանց թողունակությունը։
Այս քայլերը միտված են ձևավորել արագ, արդյունավետ և տեխնոլոգիական միջավայր, որը կուժեղացնի Հայաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույց։
***
Doing Digital Forum 2026-ն այս տարի կրում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագիրը։
2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։
Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ներդրումային գործընկերը՝ Freedom Broker Armenia-ն։