Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց առաջնությունում Հայաստանը նվաճել է չեմպիոնական երկու տիտղոս
3 րոպեի ընթերցում

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (WRO) 2026 թվականի միջազգային բաց առաջնությունում «Գյումրի» զարգացման լաբորատորիայի (GDL) թիմը նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի տիտղոսները։ Հայ պատանի նորարարներն այս հաջողությանն են հասել «Ապագա նորարարներ» (Future Innovators) անվանակարգի ավագ տարիքային խմբում՝ ներկայացնելով հասանելիությունն ու կրթությունը խթանող նորարարական ռոբոտ։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրել է «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, մրցույթների ղեկավար Անժելա Բալթայանը, հոկտեմբերի 13-16-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված մրցաշարում մասնակցել է շուրջ 250 թիմ՝ աշխարհի տարբեր երկրներից: Հայաստանը ներկայացրել է վեց թիմ։ Դրանցից երկուսը հանդես են եկել «Ապագա նորարարներ», իսկ չորսը՝ «Ռոբոառաքելություն» անվանակարգում։ Մրցույթի մասնակիցները Հայաստանի ազգային փուլի հաղթողներն են։

«Գյումրի» զարգացման լաբորատորիայի թիմը մրցույթին ներկայացրել է գրքերի ավտոմատ սկանավորման ռոբոտ։ Այն սկանավորում է գիրքը և դրա բովանդակությունը վերածում տարբեր ձևաչափերի՝ տեսանյութի, աուդիոյի և սահիկաշարի։ Նախագիծը նախատեսված է ընթերցանության և տեսողական դժվարություններ ունեցող մարդկանց աջակցելու, ինչպես նաև քննություններին պատրաստվող ուսանողների համար, որոնք ստիպված են լինում մեծ ծավալի գրականություն ուսումնասիրել։
Անժելա Բալթայանի խոսքով՝ գաղափարը պատահական չի ծնվել։ Դպրոցում նկատելով տեսողական խնդիրներ ունեցող իրենց դասընկերոջ դժվարությունները՝ պատանիները որոշել են ստեղծել լուծում, որը կօգնի հաղթահարել ընթերցանության հետ կապված խոչընդոտները։ «Այս բացառիկ ձեռքբերումը մեր պատանի նորարարների գիտելիքների, ինժեներական հմտությունների, ստեղծարար մտածողության, թիմային ոգու և հետևողական աշխատանքի արդյունքն է։ Հետագայում, երեխաների ցանկության դեպքում, նրանց ստեղծած ռոբոտը կարող է վերածվել ստարտափի և արտոնագրվել»,- նշել է Անժելա Բալթայանը։

Սա պատանի նորարարների առաջին միջազգային հաջողությունը չէ։ 2024 թվականին Իտալիայում կայացած բաց մրցույթում նրանք ոսկե մեդալ են նվաճել նաև աղբի տեսակավորման նախագծով։
Չեմպիոնական թիմի կազմում են 15-16 տարեկան Սիլվի Խաչատրյանը, Էլեն Խաչատրյանը և Դավիթ Պետրոսյանը։ Թիմի մարզիչն է Աշոտ Զիլֆիմյանը։

«Գյումրի» զարգացման լաբորատորիան հիմնադրվել է 2021 թվականին։ Այն նպաստում է երեխաների տեխնոլոգիական գիտելիքների, ինժեներական հմտությունների և նորարարական մտածողության զարգացմանը։
«Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպությունը Հայաստանում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական ներկայացուցիչն է։ Այս տարի նշվում է կազմակերպության կողմից Հայաստանում օլիմպիադայի անցկացման 10-ամյակը։