ՏՏ

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

8 րոպեի ընթերցում

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

ՏՀՏ ոլորտի «Silicon Mountains Summit & Expo 2026» երևանյան երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով։ Առաջին օրվա տիեզերքի, հեռահաղորդակցության և կիսահաղորդիչների ոլորտի առաջնորդների ելույթներից հետո երկրորդ օրվա քննարկումները ծավալվեցին այն հարցերի շուրջ, թե ինչպես են նախագծվում հաջորդ սերնդի չիպերը, ինչ դեր ունի արհեստական բանականությունը ճարտարագիտության մեջ, ինչպես են առաջնորդում կանայք տեխնոլոգիական և պետական ոլորտներում և ինչպես պետք է ներդրում անել արագ փոփոխվող աշխարհում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի հյուրերից բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման 2026 թվականի պետական մրցանակի դափնեկիր, X-energy-ի, Intuitive Machines-ի, Axiom Space-ի և Quantum Space-ի համահիմնադիր Քամ Ղաֆարիանը հանդիպեց Հայաստանի տեխնոլոգիական կրթություն առաջարկող բուհերի ուսանողների հետ։ Զրույցի առանցքում այն հարցն էր, թե ուսանողն ինչի մեջ պետք է ներդնի իր ժամանակը։

Ներկայացնելով իր ընկերությունների խումբը՝ Ղաֆարիանը հիշեցրեց իրենց գլխավոր նշանաբանը․ «Պատկերացրու, հավատա և իրականացրու»։

«Գտեք ձեր կիրքը, որովհետև երբ այն գտնում եք, ամեն օր աշխատանքի գնալն այլևս աշխատանք չէ, այլ հաճույք։ Համարձակություն ունեցեք դա անելու համար։ Մտածեք առանց սահմանների»,- ասաց Ղաֆարիանը։

Նա խոսեց նաև համառության, վճռականության և ճկունության մասին՝ շեշտելով, որ այդ հատկանիշներն անհրաժեշտ են մեծ նպատակին հասնելու համար։ Իր սիրելի մեջբերումներից էր Կառլ Սագանի խոսքը. «Երկինքը մեզ կանչում է։ Եթե մենք ինքներս մեզ չոչնչացնենք, մի օր կթռչենք դեպի աստղերը»։

Ֆորումի ընթացքում ելույթ ունեցան միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային ոլորտի միջազգային և տեղական առաջատար ընկերությունների ներկայացուցիչները։ Ելույթները միավորում էր մեկ թեմա՝ ինչպես են նախագծվում, փորձարկվում և կառավարվում հաջորդ սերնդի համակարգերը, երբ բարդությունը գերազանցում է սովորական մոտեցումների հնարավորությունները։

IMEC-ի առաջատար տեխնոլոգ, դոկտոր Կատայուն Բաշարխան ներկայացրեց ավտոմոբիլային հաշվողական հարթակների ապագան։ Նրա խոսքով՝ ոլորտը շարժվում է դեպի տարբեր տիպի, չիպլետների վրա հիմնված համակարգեր, որոնց ստեղծումը պայմանավորված է արհեստական բանականության, արտադրողականության և մասշտաբայնության պահանջներով։ Նա շեշտեց, որ այս ճանապարհին անհրաժեշտ են ստանդարտացում և փոխադարձ համատեղելիություն, իսկ հիմնական հարցն այլևս այն չէ՝ «կարո՞ղ ենք արդյոք սա կառուցել», այլ՝ «ինչպե՞ս նախագծել և վավերացնել ճիշտ չիպլետային համակարգը մինչև առաջին սիլիկոնի ստեղծումը»։

Էստոնիայի Testonica ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, դոկտոր Արթուր Յուտմանը խոսեց այն մասին, որ բարձր արդյունավետության և արհեստական բանականության համակարգերի բարդության պայմաններում դասական թեստավորումն այլևս բավարար չէ։ Նրա ներկայացրած մոտեցման համաձայն՝ թեստավորման լուծումները պետք է կրկին օգտագործվեն սիլիկոնի ողջ կյանքի ցիկլում՝ արտադրությունից մինչև դաշտային մոնիթորինգ, իսկ չիպի մեջ հավաքագրված տվյալները պետք է վերածվեն սխալների կառավարման՝ ախտորոշումից մինչև ինքնավար վերականգնում։

Siemens EDA-ի տեխնիկական հաշվառման մենեջեր Ֆայսալ Շտուրուն ներկայացրեց, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում նախագծային աշխատանքը։ Նրա երեք հիմնական թեզերն էին՝ ագենտային համակարգերը վտանգները նշում են նախքան դրանց խնդիր դառնալը, արհեստական բանականության ագենտները միաժամանակ ուսումնասիրում են մի քանի ուղղություն, իսկ փորձագիտությունն ամրագրվում է գործիքի մեջ և չի մնում միայն առանձին մասնագետների մոտ։

Synopsys Armenia-ի կրթական վարչության տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը ներկայացրեց Synopsys-ի կրթական ծրագրի արդյունքները։ Նրա ներկայացրած տվյալներով՝ ծրագրի շրջանավարտների 100%-ը աշխատանքի է ընդունվել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում, 77%-ը՝ Synopsys Armenia-ում, իսկ ընկերության աշխատակիցների 56%-ն անցել է այս ծրագրով։ Ծրագրի շրջանակում պատրաստվել է 95 դոկտոր, 1 161 մագիստրոս և 1 588 բակալավր։

Cisco Armenia-ի գրասենյակի ղեկավար Արսեն Մանուկյանն էլ խոսեց արհեստական բանականության ցանցերի էվոլյուցիայի մասին՝ հիշեցնելով, որ այն սկսվում է սիլիկոնից։ Նա ներկայացրեց Cisco Silicon One G300 հարթակով աշխատող համակարգերը, որոնք ունեն 100% հեղուկային սառեցում և մոտ 70%-ով ավելի բարձր էներգաարդյունավետություն։

National Instruments-ի ներկայացուցիչ Մանուել Օհանյանն իր ելույթում շեշտեց, որ արհեստական բանականությունը կիսահաղորդիչների վավերացման մեջ հիմնականում օգնում է կառավարել և բարելավել արդեն գոյություն ունեցող աշխատանքային հոսքերը՝ արագացնելով թեստային կոդի մասշտաբավորումը և անոմալիաների հայտնաբերումը, ընդ որում մարդկային մասնակցությունը մնում է արտադրանքի օպտիմալացման հիմքը։

Cadence Design Systems-ի առաջատար QA ինժեներ Սերգեյ Ղահրամանյանը ներկայացրեց TimeVision AI Agent-ը, որը InnoStack AI Super Agent-ի մաս է կազմում և օգնում է հայտնաբերել SDC սխալները մինչև վերջնական հաստատումը։ Իսկ Xsight Labs Armenia-ի գլխավոր մենեջեր Հարություն Հարությունյանը ներկայացրեց ընկերության բաց, ծրագրավորվող սիլիկոնային լուծումները արհեստական բանականության տվյալների կենտրոնների համար՝ սվիչից մինչև DPU, այդ թվում՝ E1L-ի թեթև տարբերակը։

Համաժողովի շրջանակում կայացավ նաև Women Leaders Club-ի քննարկումը՝ «Առաջնորդություն՝ առանց սահմանների. Դասեր՝ տեխնոլոգիական, կառավարման և դիվանագիտական ոլորտից» թեմայով։ Քննարկմանը մասնակցեցին Կանադայի և Շվեյցարիայի դեսպանները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության փոխնախարար Տաթև Ասլանյանը, Enterprise Armenia-ի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, Microchip Technology-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Անի Սաֆարյանը և Safe YOU-ի հիմնադիր Մարիամ Թորոսյանը։ Քննարկումը վարեց CIPE-ի Հայաստանի ղեկավար Լուիզա Այվազյանը։

Մասնակիցները խոսեցին առաջնորդության անձնական կողմի մասին՝ անձնական և մասնագիտական կյանքի սահմանի, կարիերայի համար ներքին արժեքները չզիջելու, ինքնավստահության պակասի և այդ զգացողության հետ աշխատելու մասին։ Անի Սաֆարյանը նշեց, որ համաձայնությունը կարևոր է, բայց չպետք է վերածվի խոչընդոտի, իսկ որոշումը պետք է կայացնել և դրա համար պատասխանատվություն կրել՝ ավելացնելով, որ առաջնորդությունը չի որոշվում սեռով, այլ արժեքներով, բնավորությամբ և փորձով։ Գոհար Աբաջյանը շեշտեց անկեղծության կարևորությունը՝ պետք է ասել և այն, ինչ կարելի է առաջարկել, և այն, ինչ՝ ոչ։

Համաժողովի ավարտին կայացավ ներդրումներին նվիրված եզրափակիչ քննարկումը՝ «ԱԲ-ից հետո. ինչի համար են իրականում վճարում ներդրողները» թեմայով։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես պլանավորել և ինչպես խելամիտ ներդրումներ կատարել այնպիսի աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները, շուկաները և նախագծերը փոխվում են շատ արագ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում