Քամ Ղաֆարիանի գործունեությունը մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով անգնահատելի է. Հովիկ Մուսայելյան
3 րոպեի ընթերցում

ՀՀ պետական մրցանակի 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիանի գործունեությունը մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով անգնահատելի է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դափնեկրի այցի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի համակարգող Հովիկ Մուսայելյանը։

Նրա խոսքով՝ 17 տարի առաջ նախաձեռնվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի շնորհման գաղափարը, որն այսօր բացառիկ նշանակություն ունի Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։
«Մրցանակը տրվում է այն անձանց, որոնց անմիջական դերակատարումը հանգեցրել է հեղափոխական փոփոխությունների՝ մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով։ Մենք ունենք միջազգային հանձնաժողով, որն իրականացնում է դափնեկրի ընտրությունը։ Ամեն տարի մրցանակակրին ընդունելուց և պարգևատրելուց հետո՝ հաջորդ օրվանից, սկսում ենք աշխատել հաջորդ տարվա դափնեկրի որոնման ուղղությամբ, քանի որ դա բավականին բարդ գործընթաց է»,-ասաց Մուսայելյանը։
Նա նշեց, որ մրցանակի հանձնման կանոնադրության մեջ փոփոխություն է կատարվել։ Սահմանվել է, որ դափնեկիրը պետք է նախապես համաձայնություն տա Հայաստան այցելելու և մրցանակն անձամբ ստանալու համար։
«Այս տարվա մրցանակի դափնեկիրը Քամ Ղաֆարիանն է, որովհետև նրա գործունեությունը մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով անգնահատելի է»,-հավելեց Մուսայելյանը։

«Սթարմուս» փառատոնի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն Գարիկ Իսրայելյանը նշեց, որ իր համար պատիվ է եղել Ղաֆարիանին ներկայացնել որպես այս տարվա մրցանակի թեկնածու։

Նրա խոսքով՝ Ղաֆարիանը այն մարդկանցից է, որոնք առաջ են մղում մարդկության տեխնոլոգիական և գիտական զարգացումը։

«Տիեզերական տեխնոլոգիաների ոլորտը չափազանց մրցունակ է, և այնտեղ շատ առողջ շուկա է։ Դա միակ շուկան էր, որը քովիդի ժամանակ շարունակում էր աճել։ Այն միլիոնավոր երիտասարդների է ոգեշնչում։ Քամն իր աշխատանքով ոգեշնչում է շատ երիտասարդների»,-ասաց Իսրայելյանը` հավելելով, որ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված լուծումները կիրառվում են նաև Երկրի վրա, իսկ տիեզերքի ուսումնասիրությանն ուղղված ներդրումները կարևոր նշանակություն ունեն մարդկության զարգացման գործում։