Eleveight AI-ն ամփոփեց իր մասնակցությունը NVIDIA GTC Berlin համաժողովին՝ ներկայացնելով Blackwell Ultra համակարգերով աշխատող ԱԲ գործարանը
2 րոպեի ընթերցում

Eleveight AI-ը մասնակցել է 2026 թ. հոկտեմբերի 20–22-ը Բեռլինում անցկացված NVIDIA GTC համաժողովին՝ ներկայացնելով իր գործող արհեստական բանականության գործարանը և ընդլայնման ծրագրերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Eleveight AI ընկերությունը։
Լինելով NVIDIA Blackwell Ultra համակարգերի առաջին կիրառողներից մեկը՝ ընկերությունը ԱԲ մոդելների ուսուցման և ԱԲ հաշվողական հզորությունների ենթակառուցվածք է տրամադրում Եվրոպայում և դրա սահմաններից դուրս գործող կազմակերպություններին։

Ընկերությունը նշել է, որ երկրորդ փուլի համար նախատեսվում է 2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր, որը կավելացնի ևս 35 ՄՎտ՝ մինչև 2027 թվականը ընդհանուր հզորությունը հասցնելով 40 ՄՎտ-ի։ Գործարանի առաջին՝ 1.5 ՄՎտ գործող հզորությունն ամբողջությամբ ամրագրված է, իսկ պահանջարկը գալիս է ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այժմ ընթացքի մեջ է առաջին փուլի ընդլայնումը, որով մինչև 2026 թ. վերջ նախատեսվում է հզորությունը հասցնել 5 ՄՎտ-ի։
Այս տարվա GTC Berlin-ի ուշադրության կենտրոնում էր այն հարցը, թե ինչպես են ԱԲ գործարանները սահմանափակ էներգիան վերածում արդյունավետ հաշվողական հզորության, իսկ էներգաարդյունավետությունն ու ջրի օգտագործումն օրակարգի առանցքային թեմաներից էին։ Eleveight AI-ի գործարանն արդեն իսկ գործնական օրինակ է։ NVIDIA Reference Architecture ստանդարտներով կառուցված կենտրոնը գործում է 1.1 էներգաօգտագործման արդյունավետության ցուցանիշով (Power Usage Effectiveness - PUE) և սերվերային մակարդակում կիրառում է 100% օդային սառեցում, փաստացի զրոյական ջրի օգտագործմամբ։

Eleveight AI-ի համար համաժողովը նաև գիտելիքը հայրենիք բերելու մասին էր։ GTC Berlin-ի շրջանակում ընկերությունը նպատակադրված էր համահունչ ընթանալ գլոբալ ոլորտային զարգացումներին, ամրապնդել միջազգային գործընկերություններն ու առաջադեմ փորձը ծառայեցնելու ինչպես սեփական ընդլայնմանը, այնպես էլ երկրի ԱԲ էկոհամակարգի զարգացմանը։