ՀՀ ԲՏԱԱԲ նախարարությունը պարզաբանում է տարածել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»-ի տնօրենի նշանակման վերաբերյալ
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող՝ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»-ի տնօրենի նշանակման վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից ընդգծել են, որ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն երկու առանձին ընկերություններ են, որոնցից երկրորդի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Ռուսաստանի Դաշնության պետական գույքի կառավարման գործակալությունն է։
«Հաշվի առնելով մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը։
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն երկու առանձին ընկերություններ են։
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության, իսկ լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Երևան քաղաքի Հ. Հակոբյան 3 հասցեում, որտեղ տեղակայված է նաև «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն։
Հարկ ենք համարում ընդգծել, որ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ում որևէ փոփոխություն կամ նոր նշանակում տեղի չի ունեցել։
Մամուլում շրջանառվող տեղեկությունները վերաբերում են «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին, որի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Ռուսաստանի Դաշնության պետական գույքի կառավարման գործակալությունն է (Росимущество)։
Հետևաբար, մամուլում շրջանառվող՝ տնօրենի նշանակման վերաբերյալ տեղեկությունները որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի և դրա գործունեության հետ»,– նշված է նախարարության տարածած պարզաբանման մեջ։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել էր, որ ստանձնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը։
«Ստանձնել եմ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը։ 1956 թվականին հիմնադրված ինստիտուտն այս տարի նշում է իր 70-ամյակը։ Տասնամյակներ շարունակ այն կարևոր դեր է ունեցել Հայաստանի գիտատեխնոլոգիական ներուժի ձևավորման և զարգացման գործում՝ լինելով խորհրդային տարիների առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը։
Ինձ համար հատկապես խորհրդանշական է ինստիտուտի ղեկավարումը ստանձնել հենց հոբելյանական տարում։ Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ։
Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։
Առջևում մեծ և պատասխանատու աշխատանք կա»,– գրել է Արզաքանցյանը։