Սոցիալական հարցեր

Վարչապետն առաջարկում է հետվճարի բոնուսներով խրախուսել առողջ ապրելակերպը

2 րոպեի ընթերցում

Վարչապետն առաջարկում է հետվճարի բոնուսներով խրախուսել առողջ ապրելակերպը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է քննարկել առողջ ապրելակերպին նպաստող ծախսերի, այդ թվում՝ մարզասրահ այցելելու համար հետվճարի լրացուցիչ բոնուսներ սահմանելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս գաղափարը ներկայացրել է ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստում՝ տարբեր ապրանքների և ծառայությունների համար հետվճարի պայմանների հնարավոր տարբերակման քննարկման ընթացքում։

«Այլ ծախսերի մասով, ընդհակառակը, խրախուսող որոշում կարող ենք կայացնել։ Ասենք, օրինակ, մարզասրահներ այցելելու հետ կապված ծախսերի դեպքում կարող են բոնուսներ գործել։ Մարդու անհատական պրոֆիլ կարող է լինել, որ մարդու անհատական ապրելակերպի հետ կապված լրացուցիչ բոնուսներ տանք, որովհետև տեսնենք, որ մարդն ապրում է կամ ձգտում է առողջ ապրելակերպով ապրելուն, և մենք իրեն, ընդհակառակը, խրախուսում ենք»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ երբեմն փոքր լրացուցիչ խթանն էլ կարող է օգնել քաղաքացուն առողջ սովորություն ձևավորելու հարցում։

«Երբեմն քաղաքացուն մի փոքր լրացուցիչ մոտիվացիա է պետք, որ ինքն առավոտ շուտ արթնանա, գնա մարզասրահ։ Երբեմն շատերին չի հերիքում այդ փոքր մոտիվացիան, և սա շատ կարևոր բան է»,-նշել է նա։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջարկել է տեխնիկական հնարավորության դեպքում քննարկել նաև ապրանքների տարբեր խմբերի համար հետվճարի տարբեր դրույքաչափեր։

«Թող բոլոր ապրանքների դեպքում լինի հետվճար, բայց ենթադրենք՝ այն ապրանքները, որոնք խրախուսելի չեն, պայմանական՝ մեկ տոկոս, երկրորդ դաշտը՝ ենթադրենք երկու տոկոս։ Այն, որը ցանկանում ենք շատ սպառել՝ առողջապահական առումով նպաստավոր, նաև հայկական ծագման ապրանքները, որպեսզի մեր արտադրությունները խրախուսենք, երրորդ դաշտը կլինի երեք տոկոս։ Մեր առաջարկը հենց դա է, որ եռամակարդակ լինի՝ օրինակ մեկ, երկու, երեք տոկոս»,-ասել է Պապոյանը։

Փաշինյանը նշել է, որ տարբեր համադրությունները քննարկելի են, իսկ առաջնահերթ խնդիրն անհրաժեշտ տվյալների հավաքագրման ենթակառուցվածքն ամբողջացնելն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում